Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ. Կորոնավիրուսը նահանջելու է, բայց մինչ այդ պետք է լինենք կարգապահ, պատասխանատու


Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում, իր ուղերձում ասում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա հիշեցնում է` կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է, ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում, և այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ:

«Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար: Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է ու հաղթահարելի», - նշում է նախագահն իր ուղերձում` հավելելով, որ այս համավարակի դեմ պայքարում հանգուցալուծումը կախված է մեզնից՝ թե որքան միասնական, համախմբված, պատասխանատու, կազմակերպված և կարգապահ ենք:

Արմեն Սարգսյանը հորդորում է հոգատարությամբ վերաբերվել տարեցներին, օգնել միմյանց, շնորհակալություն հայտնել
առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին, կամավոր ուսանողներին և դասախոսներին, պետական համակարգի ծառայողներին և այլն:

«Կորոնավիրուսի թեստերից բացի մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում: Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը: Կորոնավիրուսը, վստահաբար, նահանջելու է։ Մենք կրկին անցնելու ենք բնականոն կյանքի:

Այդ օրը, վստահաբար, գալու է: Սակայն մինչ այդ պետք է շարունակել լինել կարգապահ, պատասխանատու և կազմակերպված», - շեշտում է ՀՀ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG