Մատչելիության հղումներ

«Գլորիա»-ի սեփականատերը մտադիր է ևս մեկ ամիս փակ պահել ձեռնարկության դռները


«Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյան, արխիվ
«Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյան, արխիվ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերը մտադիր է ևս մեկ ամիս փակ պահել ձեռնարկության դռները, անգամ եթե կառավարությունն ապրիլի 20-ից հետո թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։

Կորոնավիրուսի տարածման պատճառով գրեթե մեկ ամիս 2600 աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկած սեփականատեր Բագրատ Դարբինյանն ասում է՝ միևնույն է, բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։

«Շատ տրամադրված եմ, որ ապրիլին էլ չաշխատենք և մայիսին էլ կանգնացնենք, բոլորը հանդարտվեն», - ասաց սեփականատերը:

Դարբինյանը վերհիշում է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերից հետո «Գլորիա»-ում ստեղծված իրավիճակը, երբ առավոտյան իրականացվող պարտադիր գործողությունների՝ ախտահանման, ջերմաչափման, սանիտարական վերահսկողության պատճառով ֆաբրիկայի արտադրական պրոցեսն ամեն օր հետաձգվում էր մի քանի ժամով, մինչ փողոցին կից գտնվող ֆաբրիկայի մուտքի մոտ խմբված հարյուրավոր աշխատակիցները կկարողանային ներս մտնել։ Անձամբ է նկարահանել այդ իրավիճակը։

«Կաթվածահար վիճակի մեջ էինք, մի 20 հոգով գալիս էին սանէպիդկայանից, ոստիկանությունից, շրջապատում, ջերմաչափում էին կատարում, բոլորը փչացած ջերմաչափով: 2600 հոգի մի ջերմաչափով», - պատմեց Բագրատյանը:

Ձեռնարկության արտադրամասերում գերմանացի ոստիկանների կիսատ մնացած արտահագուստն է։ Բագրատ Դարբինյանն ասում է՝ ընդամենը երեք օր չբավարարեց ամբողջ խմբաքանակը ավարտուն տեսքի բերելու և արտահանելու համար։ Ընկերության արտադրանքի 60 տոկոսի պատվիրատուն գերմանական, իսկ 40 տոկոսինը՝ իտալական ընկերություններ են։ Նրանք էլ ուշադիր հետևում են Հայաստանում վիրուսի տարածման տեմպերին։ Ոգևորվել են վարչապետի արած հայտարարությունից, թե հնարավոր է՝ ապրիլի 20-ից հետո թույլատրեն վերսկսել տեքստիլ արտադրությունը։

Գործարարի սեղանին եվրոպացի պատվիրատուների նամակներն են, որտեղ խնդրում են աչքի առաջ պահել իրենց պատվերները։ Օրերս տարեկան 1,5 միլիարդ դոլարի շրջանառություն ունեցող իտալական մի ընկերություն բժշկական արտահագուստ կարելու խնդրագիր է հասցեագրել Հայաստանի կառավարությանը։

«Շատ հիվանդանոցների վիճակը շատ կրիտիկական է, քանի որ ապահով հագուստ և պաշտպանիչ համակարգի հսկայական կարիք կա այս ոլորտում, մենք խնդրում ենք ձեզ աջակցել՝ իրագործելու մեր ներկայիս ամենակարևոր գործառույթը՝ թույլատրել «Գլորիա»-ին շարունակել արտադրել մասնագիտական բժշկական հագուստներ», - ընթերցեց սեփականատերը:

Բագրատ Դարբինյանն ասում է՝ եվրոպացի գործընկերոջ խնդրանքի մասին նամակով տեղեկացրել է պարետին, բայց մինչ օրս արձագանք չի ստացել։ Զարմացած է։ Հայաստանի ամենախոշոր ձեռնարկություններից մեկի սեփականատերն ասում է՝ ամսական 130 միլիոն դրամի հարկ է վճարում պետությանը։ Միշտ ժամանակին է կատարել հարկային պարտավորությունները՝ առանց ուշացումների, մինչդեռ պետության արտոնյալ վարկերից օգտվելու համար դիմել է հարկային տեսչություն՝ որպես պարտաճանաչ հարկատու երաշխավորություն ստանալու, բայց մերժել են։

«Հիմնավորում չկա, մի բառով գրած է, որ «Դուք չեք համարվում բարեխիղճ հարկ վճարող», - ասաց Բագրատ Դարբինյանը:

Ընկերությունը նախատեսում էր 500 միլիոն դրամի պետության կողմից սուբսիդավորվող վարկ ստանալ։

Կարանտինի պայմաններում արտադրանքը եվրոպացի պատվիրատուներին ուշացումով է հասել, ուստի վճարումները ևս ուշանում են։

«Եվրոպայում մենք շատ կարևոր դիրքերում ենք այդ ապրանքի մատակարարման: Մի ընկերություն ունեմ, ինքը իրա սեփական ինքնաթիռով, ասում է, «կգանք 5-6 հոգով, որպեսզի պայմանագրերը թարմացնենք», ընդ որում ասում է՝ «մենք կարանտինի, կորոնավիրուսի սերտիֆիկատներ կբերենք մեր հետ, որ մենք ստուգված ենք և վարակված չենք», այսինքն՝ ինչքան մարդիկ շահագրգռված են մեր հետ համագործակցելու, որ նույնիսկ այդ քայլին են դիմում», - ընդգծեց սեփականատերը:

Գործարարը նշում է նաև, որ լուրջ խնդիրների է բախվում մաքսակետերում։ Այս պահին հումքով բեռնված երեք մեքենա ունեն սահմանից այն կողմ, որոնք չեն կարողանում հասցնել Հայաստան։

«Հիմա, որ ուզենամ էլ աշխատել, չեմ կարողանա աշխատել, հումքի մի մասը թողել են, մյուս մասը չեն թողնում, ասում են՝ «դա ԵՏՄ-ի օրենքով չի թույլատրվում ժամանակավոր ներմուծել», ասում է՝ այդ նույթերը պետք է ուրիշ մաքսային ռեժիմով ձևակերպել», - ասաց Դարբինյանը:

Ամսական մոտ 350 միլիոն դրամ աշխատավարձ վճարող ընկերության սեփականատերն ասում է՝ այս իրավիճակում չի վճարի չաշխատած օրերի դիմաց։ Բացի այդ՝ ստիպված կլինի մոտ օրերս աշխատանքից ազատել ավելի քան 2500 աշխատողներին՝ ֆաբրիկան վերաբացվելու դեպքում միայն նրանց կրկին աշխատանքի ընդունելու պայմանով։

XS
SM
MD
LG