Մատչելիության հղումներ

Գազի և հոսանքի ծախսի փոխհատուցման նոր ծրագրից օգտվելու է 280 հազար բաժանորդ


Կառավարությունն այսօր կայացրած որոշմամբ 30 տոկոսի չափով կփոխհատուցի այն բաժանորդների վճարները որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կլինի 10-ից 30 հազար դրամի, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը 5-ից 10 հազար դրամի սահմաններում։ Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ:

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով գործադիրը երեկ մեկ այլ որոշում էր ընդունել, ըստ որի 50 տոկոսի չափով փոխհատուցում կտրամադրվի բոլոր այն բաժանորդներին, որոնց փետրվար ամսվա գազի սպառումը չի անցել 10 հազար դրամը, էլեկտրաէներգայի պարագայում էլ` 5 հազար դրամը։ Աջակցության այս ծրագրերից օգտվելու համար դիմում գրելու կարիք չկա, կառավարությունը վճարումներն անմիջապես փոխանցելու է գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին։ Եթե շահառուներն արդեն վճարել են փետրվար ամսվա վարձավճարները, ապա կառավարության աջակցությունը կհաշվվի որպես կանխավճար, պարտքերի առկայության դեպքում էլ դրանք կնվազեցվեն աջակցության չափով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կարևորեց այս աջակցությունը.- «Կարևոր աջակցություն է հատկապես ավելի խոցելի և սոցիալապես դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների համար, որովհետև նախ վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրենք նաև ամենապարտաճանաչ վճարողներից են բաժանորդներից, և երկրորդը` սա կարող է նաև շատ կարևոր կանխավճար լինել հետագա ամիսների համար»:

Այսօր Երևանում «Ազատությանը» հանդիպած քաղաքացիները կառավարության նոր որոշումը դրական են համարում, ասում են` օգնության ձեռք է.- «Կօգնի, քիչ չի, ամիսը 8, 7, 6 հազար մուծում եմ, փետրվարին գազինը մուծել եմ 8 հազար, էլեկտրաէներգիայինը` 4 հազար 800»:

«Իհարկե, կօգնի, հարցը կայանում է նրանում, շատ մարդիկ կան, որ չեն աշխատում պետական հաստատություններում, այդ մարդիկ ո՞նց ապրեն, գոյատևեն»,- նշում է մյուսը:

Ծաղկի խանութում աշխատող մի կին գոհ չէր կառավարության որոշումից, ասաց.- «Բա որ 100 հազար լինի ծախսը, մարդիկ ի՞նչ են անելու»:

Թերահավատներ էլ կային.- «Իմս 90 հազար, 80 հազար ամիսը, որ վառում ենք պառերը մեր տան, տան գազը, մեծ տուն է»:

«Թող փոխհատուցի, իհարկե, եթե կփոխհատուցի կառավարությունը, մենակ սուտ դուրս չգան, էն հին կառավարությունը խաբեց, հիմա էլ նորերն ե՞ն ուզում խաբել, ինչ-որ ոչ մի բան չի փոխվել Հայաստանում»,- նշում է անցորդներից մեկ ուրիշը:

«Կօգնի, եթե մենք Հաայաստանի կայացած քաղաքացի ենք, ամեն դժվարություններին պետք է դիմանանք, պայքարենք մեր երկրի հետագա ճանապարհի համար: Փոխանակ երկրի դրության մեջ մտնեն էս նեղ վիճակին, բողոքում են` սոված ենք, չեն օգնում, թե ի՞նչ ես արել պետության համար, որ օգնեն»,- մյուսի տեսակետն է:

Մի քաղաքացի կառավարության նոր որոշումից տեղյակ չէր, մեզանից լսեց​:

XS
SM
MD
LG