Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1201-ի, ապաքինվել է 402 մարդ


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 42-ով՝ հասնելով 1201-ի, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 44-ով և հասել 402-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Ըստ նույն աղբյուրի, իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 10 հազար 793 է, միայն երեկ իրականացվել է 1161 թեստավորում։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժվում է 780 անձ: Մահացել է ևս մեկ մարդ, մահացածների ընդհանուր թիվը 19 է։ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց՝ երեկ, մահվան մեկ դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

«58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, ճարպակալում: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ։ Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչառական անբավարարություն: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն: Ցավոք, նրա կյանքը չի հաջողվել փրկել», - նշեց Նիկողոսյանը:

Առողջապահության նախարարի խոսնակն ասաց նաև՝ երեկ երեխա է ունեցել կորոնավիրուսով վարակված մի կին: Ծննդաբերությունից հետո ծննդկանի մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել, երեխան կթեստավորվի այսօր:

«Ծննդաբերությունից հետո մայրիկի՝ ծննդկանի մոտ թեստի արդյունքը բացասական է եղել, իսկ երեխան այսօր է թեստավորվելու», - հայտնեց Ալինա Նիկողոսյանը:

Նշենք նաև, որ Գեղարքունիքի մարզում, որը զերծ էր մնում կորոնավիրուսից, վարակվածության մեկ դեպք է գրանցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ մարզպետը տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների, համապատասխան ընթացք տալու համար։

Ապրիլի 11-ին տեղի իշխանությունները հայտնել էին, թե այս մարզում առաջին դեպքն է հաստատվել, սակայն օրեր անց՝ հավանական վարակակրին 3 անգամ թեստավորելուց հետո՝ պատասխանը բացասական էր եղել։

Բարձր ցուցանիշ ունի Արարատի մարզը, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, գրանցվել է 4 մահվան դեպք։

Պարետի որոշմամբ նախօրեին փակվել է Արարատի մարզի Նորաշեն համայնքի մուտքն ու ելքը, այնտեղ կորոնավիրուսի վարակի ութ դեպք է արձանագրվել, մեկ հոգի էլ մահացել։ Նորաշեն համայնքի մուտքի մոտ հսկողություն իրականացնող ոստիկանները ելումուտ թույլատրում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

«Խիստ կենսական նշանակություն ունեցող սննդամթերքի հետ կապված բացառություններ լինում են, որ թույլատրում ենք սնունդը մտնում է գյուղ», - ասաց ոստիկաններից մեկը:

Ի տարբերություն երեկվա՝ այսօր այստեղ շարժն ավելի քիչ էր. Նորաշենը կշարունակի փակ մնալ մինչև ապրիլի 18-ը, ժամը 23։59-ը։

Ի դեպ, համայնքի հենց մուտքի մոտ սննդի խանութ կա, որը շարունակում էր աշխատել, սակայն հաճախորդների թիվը երկու օր է, ինչ կտրուկ նվազել է:

Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք է արձանագրվել: Այսպիսով հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 7-ն է, կա 2 առողջացած։

XS
SM
MD
LG