Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետը չի բացառում Մարալիկի մուտքի ու ելքի փակումը


Շիրակի մարզպետը Մարալիկի բժշկական կենտրոնի աշխատակիցներից տասի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո չի բացառում քաղաքի մուտքի ու ելքի փակումը՝ հաշվի առնելով նրանց շփման լայն շրջանակը։

Կանխարգելիչ միջոցառումները կհստակեցվեն կոնտակտավորների ամբողջական շրջանակը պարզելուց հետո։

«Բոլոր սցենարները հենց հիմա քննարկվում են, մեր կողմից իրավիճակը օպերատիվորեն ներկայացվում է պարետատուն։ Ամբողջական նմուշառումը արդեն բավականին մեծ թիվ է և ուղղակիորեն հնարավորություն է տալիս գնահատել թե՛ Մարալիկի հետ կապված հետագա գործողությունները և թե՛ բուն այդ Առողջության կենտրոնի հետ կապված», - նշեց Տիգրան Պետրոսյանը։

5000-ից մի փոքր ավելի բնակչություն ունեցող քաղաքում այսօր փողոցները գրեթե դատարկ էին, դրսում գտնվողների մեծ մասն էլ դիմակ էր կրում:

Մեր այցելության ժամանակ Մարալիկի բժշկական կենտրոնում նկատեցինք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցներին։

Մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցները թեստավորվում են․ - «Իրականացնում ն շուրջ 70 հոգու թեստավորում, և արդեն իրենց պատասխանից կախված՝ մենք նաև ամբողջական պատկերը կտեսնենք, թե ինչ տարածում կա և մեր մոտեցումները կհստակեցնենք նույն Առողջության կենտրոնի հետ կապված գործառույթներն իրականացնելիս, պոտենցիալ շրջանակները ֆիքսելիս։ Հիմա այս գործընթացներն արդեն իրականացվում են Մարալիկում»։

Ապրիլի 6-ին կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը Մարալիկից էր: Վերջինս նախ տեղի բժշկական կենտրոնում էր զննվել, հետո Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել, այնտեղից էլ՝ Գյումրու բժշկական կենտրոն: Հնարավոր է, որ հենց այդ տղամարդուց են վարակվել Մարալիկի բժշկական կենտրոնի աշխատակիցները։

Տիգրան Պետրոսյան․ - «Այդ շղթան ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ զբաղվում է ՀՎԿԱԿ-ի մեր մարզային կառույցը։ Մենք հիմա հույս ունենք, որ իրենք ամբողջական ցույց կտան պատկերը, որպեսզի հասկանանք մենք նո՞ւյն շղթայի հետ գործ ունենք, թե՞ սա այլ օջախի հետ կապված գործառույթ է։ Դեռևս ոլորտի պատասխանատուներից մենք ամբողջական եզրակացություն չենք ստացել, թե որ օղակն է, որ շղթան է, որի հետ մենք հիմա առնչություն ունենք»։

Կորոնավիրուս հաստատվել է նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի երկու բուժաշխատողի մոտ։ Ընդհանուր առմամբ մարզում մինչև օրս կորոնավիրուսի 28 դեպք է արձանագրվել։

«23-ը Շիրակի մարզից են։ Շիրակի մարզից ևս երկու հոգի հիմա բուժում են ստանում Երևանում։ Այսինքն՝ այս պահին Շիրակի մարզում ունենք հաստատված 25 դեպք», - փոխանցեց մարզպետը։

Տեղի հյուրանոցներից մեկում մեկուսացված է 148 քաղաքացի, ևս 278-ն քաղաքացիներ ինքնամեկուսացել են իրենց նախընտրած վայրում։

Մարզպետի փոխանցմամբ, այժմ թեսթավորման գործընթացում ներագրավվել են բոլոր բուժհաստաությունները․ - «Երեկվանից մարզի բժշկական հիմնարկներն անցան նմուշառումը հենց հիմնարկներում իրականացնելու գործընթացին։ Մեծ թվով թեստերը և նմուշառման ուղղակի հնարավորությունը այն հիմնական գործիքն է, որը մեզ թույլ է տալու հասկանալ հիվանդության տարածվածության իրական պատկերը։ Նմուշառումից հետո թեստավորումը հիմա իրականացվում է Լոռիում, այսինքն՝ ժամանակները բավականին կարճացել են, և թեստերի քանակը երեկվանից սկսած մարզի բոլոր առողջապահական հիմնարկներն արդեն իրենք են իրականացնում նմուշառումը»։

Տիգրան Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ Բավարայի անցակետում բեռնատարների բոլոր վարորոդները ռապիդ թեստեր են անցնում․ - «Դրականի դեպքում ինքը ուղեկցվում է արդեն դեպի Գյումրի՝ եթե Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրի քաղաքացիներ են։ Եթե վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է, հետ է վերադառնում Վրաստան»։

XS
SM
MD
LG