Մատչելիության հղումներ

Պարետի որոշմամբ փակվել է Նորաշեն համայնքի մուտքն ու ելքը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պարետի որոշմամբ փակվել է Արարատի մարզի Նորաշեն համայնքի մուտքն ու ելքը։ Գյուղում կորոնավիրուսի վարակի ութ դեպք է արձանագրվել, 80-ն անց մի կին է մահացել: Նորաշեն համայնքի սկզբնամասում հսկողություն իրականացնող ոստիկանները ելումուտ թույլատրում էին միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ հիվանդանոց գնալու համար:

«Ամսի 15-ին, ժամը 23:59 րոպեից սկսվել է, ավարտվելու է ամսի 18-ին ժամը 23:59 րոպեին», - ասաց Ոստիկանության Արարատի բաժնի պետի տեղակալ Ալիկ Ղազարյանը:

Ղազարյանը հայտնեց՝ նորաշենցիները սահմանափակումների մասին տեղեկացել են վաղօրոք:

«Նախապես տեղեկացվել է, Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան բարձրախոսով փողոցներով իրազեկել է, որ տեղեկացված լինի ժողովուրդը», - նշեց Արարատի բաժնի պետի տեղակալը:

Ինչո՞ւ է Նորաշենը կարանտինի տակ՝ մի հուղարկավորության պատճառով, կառավարության նիստում այս մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության, իհարկե, նախապես զգուշացվելով, որ չի կարելի, պետք է պահել հեռավորություն և որոշակի կանոններ պահպանել», - ասաց վարչապետը:

Ըստ նորաշենցիների, Ռուսաստանի Դաշնությունից եկած ու անմիջապես մեկուսացված կնոջ ու նրա երկու երեխաների մասին է խոսքը: Հանգուցյալն ընտանիքի հայրն էր, որ Նորաշեն ավելի վաղ էր եկել՝ այստեղ վիրահատվելու նպատակով:

«Իրավիճակը շատ հուզումնալից պահ է եղել, և նրանք, այնուամենայնիվ, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չեն պահել պայմանները և հարազատների հետ, ինչպես սովորական ընթացակարգով, սովորական դեպքերում, գրկախառնվել են և այլն, և երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, այսինքն՝ հաստատվել է կորոնավիրուսի վարակի դեպքը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հորդորը քաղաքացիներին զգոնությունը չկորցնելն է, առջևում, ասաց, հիշատակի օր է, մայիսյան տոներ: Ըստ Փաշինյանի, այս փուլում պետք է ոչ թե էմոցիոնալ լինել, այլ կարգապահ:

«Ես չեմ կարծում՝ եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի արդյունքում հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով Ցեղասպանության մեր նահատակների հոգիները ավելի հանգիստ կլինեն», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նորաշենում՝ գյուղում նկարահանում անել մեզ էլ չթույլատրվեց, բայց հեռվից էլ տեսանելի էր՝ եռուզեռից հրաժարվել մարդիկ չեն պատրաստվում:

«Այ ցավդ տանեմ, սե՞նց բաների ենք դիմացել, էդ սովի մութ տարիներին որ դիմացել ենք, էս կարանտինն ի՞նչ ա, որ չդիմանանք», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Այս նորաշենցին թեմա դարձած հուղարկավորությանը չէր մասնակցել, որովհետև զբաղված է եղել, ասաց՝ գնացել էր իր հարազատներից մեկի մեռելոցի արարողությանը, բայց շատ մարդ չկար:

«Ոչ հաց ենք տվել, ոչ մի բան էլ չենք արել», - ասաց նա:

Անցակետի մոտ մի երիտասարդ էր, որ դեղ պետք է փոխանցեր, ասաց՝ վարակի օջախից տեղեկություն չունի, գիշերն է գյուղ մտել՝ կատարյալ առողջ: «Ես ֆուռի վարորդ եմ, ստուգված եմ ոտից գլուխ՝ արյան անալիզով, մեզի անալիզով, ամեն ինչով», - նշեց նա:

Նորաշենի գլխավոր փողոցով աղացած և մանր կտրատած մսի մեծ պաշարով մի տղա էր շտապում: «Ազատության» հարցին, թե այդ միսը միջոցառման համա՞ր է, տղան պատասխանեց. «Չէ, ինչ միջոցառում»:

Համայնքում ի՞նչ հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում, արդյոք հուղարկավորության մասնակիցների շրջանակը պարզվե՞լ է, ցանկացանք ճշտել համայնքապետ Արտակ Հարությունյանից, բայց նա զայրացավ հենց առաջին՝ «Դուք թաղմանը մասնակցե՞լ եք» հարցից:

«Կներեք, ոնց որ ծավալվում ենք, ես բոլոր կանոնները պահելով, փորձում եմ իմ համագյուղացիներին <...>, նորմալ ա ամեն ինչ, իրանց հետ եմ, իմ գյուղում եմ», - ասաց Հարությունյանը:

Ի դեպ, ննջեցյալը հողին է հանձնվել եկեղեցական ծեսով: Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայից տեղեկացանք, որ թաղման կարգն իրականացրած քահանան հենց նորաշենցի է, ինքնամեկուսացել է և լավ է։

XS
SM
MD
LG