Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանը կոչ է անում չմասնակցել ԼՂ ընտրությունների 2-րդ փուլին՝ կորոնավիրուսի պատճառով


Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 9 օր առաջ, նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել արցախցիներին չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Արցախի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծում է՝ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից, և ինքը պարզապես ի գիտություն է ընդունում քվեարկությունից հետո Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալները։

Հիշեցնենք՝ Ղարաբաղում մարտի 31-ին կայացած ընտրություններում, նախագահի թեկնածուներից և ոչ մեկին չհաջողվեց 50 + 1 տոկոս ձայն ստանալ, ինչի արդյունքում ամենաշատ ձայներ ստացած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և 2-րդ տեղում հայտնված արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պետք է պայքարեն երկրորդ փուլի համար։

Նկատենք՝ Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ դիմում ներկայացնելու դեպքում միայն իրավունք ունի հանել իր թեկնածությունը:

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը «Ազատությանը» տեղեկացրին, որ սահմանված ժամկետներում Մասիս Մայիլյանից դիմում չեն ստացել: Հետևաբար ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում քվեաթերթիկում ընդգրկված կլինի նաև Մասիս Մայիլյանի անունը: Ապրիլի 7-ին կայանալիք նիստում ԿԸՀ-ն կամփոփի առաջին փուլի վերջնական արդյունքները, որից հետո արդեն կսահմանվի նաև քվեաթերթիկի նմուշը։

«Հաշվի առնելով ինքնաբացարկի դիմումների բացակայությունը՝ ներառված կլինեն առավելագույն ձայներ ստացած հանրապետության նախագահի երկու թեկնածուների տվյալները: այս պարագայում՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի անունները», - ասաց Արզումանյանը:

Նշենք, որ Մայիլյանը հեռախոսազանգերին չի պատասխանում և նրանից որևէ մեկնաբանություն ստանալու հնարավորություն չկա։

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան

Փոխարենը, ամենաշատ ձայներ ստացած նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Մասիս Մայիլյանի որոշումը հարգում է, ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա դրա տարածման վտանգավորության մասին պետք է հայտարարի Արցախի օեպրատիվ շտաբը։

«Ընդամենը մի քանի օր է մնացել, և մենք պետք է ավարտենք սահմանադրական մեր պահանջը և ավարտենք ընտրությունները», - ասաց Հարությունյանը:

Հարցին՝ այսինքն իր կոչն է քաղաքացիներին գնալ և մասնակցել ընտրություններին, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես դեռ կոչ չեմ արել, իրավիճակից ելնելով ես կոչ կանեմ, ես դեռ պատրաստ չեմ: Թող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի արդյունքները վերջնական, որից հետո ես էլ իմ կոչը կանեմ մեր հայրենակիցներին, եթե չէ, ես որևէ կոչ դեռ չունեմ անելու»:

«Ազատության» հարցին էլ, թե այս պահին այդպիսի վտանգ, որը կստիպի նման հայտարարություն անել չի՞ տեսնում, Հարությունյանն արձագանքեց. «Ես տեղյակ չեմ, ես սովորական քաղաքացի եմ, ես առաջնորդվում եմ ինչ-որ գրված է օպերատիվ շտաբի և կառավարության հայտարարություններով, ցուցումներով և այլն»:

Ղարաբաղի կառավարությունը, առ այս պահը, ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլը հետաձգելու որոշում չունի: Տեղի պաշտոնյանները պնդում են՝ վարակակիր Ղարաբաղում չկա։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մեկ քաղաքացի, ով Արցախ է ժամանել Արտաշատից, մեկուսացված է, կան նաև ինքնամեկուսացվածներ։

Մեկուսացված քաղաքացին դեռևս թեստ չի հանձնել, քանի որ նրա մոտ առայժմ ախտանիշներ ի հայտ չեն եկել, նրա հետ շփված անձինք մեկուսացվել են։

Ի դեպ, Արցախում կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիաներ չկան։ Փորձանմուշները ուղարկվում են Հայաստան։

Աբրահամյան. - Այս պահի թարմացումներով կորոնավիրուսի դեպք չունենք գրանցված: Այդ մեկ քաղաքացին է այս պահին մեկուսացված, որը գտնվում է բուժհաստատությունում: Ով ունենում է որևէ ախտանիշ, որը կարող է այս նոր վարակի հետ կապված լինել, մենք անհրաժեշտ թեստավորում անում ենք:

«Ազատություն». – Քանի՞ թեստավորում եք իրականացրել և ո՞ր ժամանակահատվածից սկսած:

Աբրահամյան. - Մոտ չորս տասնյակ թեստավորում է իրականացվել, եթե չեմ սխալվում, դրանք եղել են մարտի երկրորդ կեսից հետո:

«Ազատություն». – Թեստերի քանակը բավարա՞ր է Լեռնային Ղարաբաղում:

Աբրահամյան. - Մենք փորձանմուշները վերցնում ենք, բայց ուղարկում ենք Հայաստանի Հանրապետություն՝ մեր գործընկերներին:

«Ազատություն». – Այնտեղի լաբորատորիաներում որոշում են՝ դրական է, թե բացասական է, դուք չունե՞ք այդ ռեսուրսները, որ տեղում անեք:

Աբրահամյան. - Այս պահին Հայաստանում է իրականացվում, չեմ բացառում, որ ինչ-որ փուլում նաև մեր մոտ՝ Արցախում կիրականացվի:

«Ազատություն». – Իսկ թեստերը Հայաստանից ստացե՞լ եք արդեն, բավարար չափով ունե՞ք:

Աբրահամյան. - Այդ անհրաժեշտ աշխատանքը Հայաստանի հետ կարգավորվում է, որևէ խնդիր այս պահի դրությամբ չի առաջացել:

XS
SM
MD
LG