Մատչելիության հղումներ

Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ. ԼՂ ԱԳՆ


Արցախում կայացած ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԼՂ արտգործնախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, Արցախում կայանալիք ընտրություններն աննախադեպ ուշադրություն են գրավել. ավելի քան 140 միջազգային դիտորդ և շուրջ 40 օտարերկրյա լրագրող՝ 38 երկրներից, պատրաստակամություն են հայտնել մասնակցել ընտրություններին։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրների կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում՝ ճամփորդության սահմանափակումների պատճառով հնարավոր չեղավ ապահովել միջազգային դիտորդների և օտարերկրյա լրագրողների մասնակցությունը։ Ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցել են Արցախից և Հայաստանից ոչ կառավարական կազմակերպությունների շուրջ 950 ներկայացուցիչներ։

Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 72,2 տոկոսը: Ըստ Արցախի ԿԸՀ նախնական տվյալների՝ Ազգային ժողով են անցել 5 քաղաքական ուժեր։ Քանի որ, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների ավելի քան 50%-ը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

«Քաղաքական բազմակարծության և թափանցիկ պայմաններում կայացած ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին Արցախի իշխանությունների վճռականությունը՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման, պետական ինստիտուտների հետևողական կատարելագործման և հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ապահովման հարցում», - ասված է հաղորդագրությունում։

ԼՂ ԱԳՆ-ն համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարական ավանդույթների ամրապնդումը և դրանց տարածումը ողջ Հարավային Կովկասում կարևոր ներդրում կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար՝ բացառապես խաղաղ միջոցներով:

Արցախի իշխանությունների և ժողովրդի հետևողական ջանքերը «պետք է աջակցություն ստանան միջազգային հանրության կողմից, քանզի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդումը համընդհանուր բնույթ է կրում և հետևաբար հանդիսանում է ողջ համաշխարհային հանրության կոլեկտիվ պատասխանատվությունը», - ասված է հայտարարությունում: «Այս ճանապարհին արհեստական խոչընդոտների ստեղծումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնարար միջազգային փաստաթղթերի դրույթների խախտում է», - ընդգծում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն էլ միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։ Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդներ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ևս քննադատել են ընտրությունները։

XS
SM
MD
LG