Մատչելիության հղումներ

Արցախյան ընտրությունների արդյունքներն անընդունելի են, իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է. Խանումյան


Մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը պատասխանել է «Ազատության» հարցերին։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Հայկ Խանումյան.- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ քվեարկած ընտրողներին, սա նույնպես մարտահրավեր է մեզ համար: Գիտեք, փողի դերակատարության մասին մենք խոսել ենք նաև քվեարկությունից առաջ, ակնհայտորեն տեսնում ենք, որ փողը ավերածություններ է գործում քաղաքական դաշտում, մասնավորապես հսկայական գումարների տիրապետող կուսակցությունները և թիմերը աջ ու ձախ շտաբների միջոցով, այսպես ասած, օրինականացված ընտրակաշառքի միջոցով ձայներ էին գնում, և բնականաբար դա մեծ ազդեցություն ունեցավ:

Մեր հույսը հասարակության ուժեղ լինելու վրա էր, բայց փորձը ցույց տվեց, որ դեռ շատ պետք է աշխատենք հասարակությունն ուժեղացնելու համար: Հետևաբար ընդունում ենք իրավիճակը` այնպիսին կա, և ելնում ենք այդ իրավիճակից: Իհարկե, արդյունքները մեզ համար անընդունելի են, և իշխանության լեգիտիմությունը նույնպես կասկածի տակ է այս պարագայում:

«Ազատություն».- Երբ խոսում եք «օրինականացված ընտրակաշառքի» մասին, ի՞նչ նկատի ունեք, մանրամասնեք, խնդրում եմ:

Հայկ Խանումյան.- Նկատի ունենք, որ ենթադրենք, ամեն շենքի տակ մի հատ շտաբ են դրել կամ ամեն փոքր գյուղում վերցնում են այդ գյուղի խոշոր ընտանիքների անդամներին, և մեր կառույցները նաև տեղեկություն են տալիս, որ ընտրություններից 1 և 2 օր առաջ համատարած ընտրակաշառքներ են բաժանվել` տնետուն մտնելու ձևով, հատկապես շատ ձայն ունեցող ընտանիքների առումով: Եվ սա նույնպես էական ազդեցություն է ունեցել:

«Ազատություն».- Այսինքն` գումա՞ր է բաժանվել:

Հայկ Խանումյան.- Այո:

«Ազատություն».- Դուք ասում եք` անընդունելի են ընտրությունների արդյունքները: Կարծո՞ւմ եք` Արցախի նոր ձևավորված գործադիր իշխանությունը, նախագահը, օրենսդիր իշխանությունը լեգիտիմ չե՞ն:

Հայկ Խանումյան.- Լեգիտիմության խնդիր ունեն, այո, լեգիտիմության խնդիր ունեն, որովհետև այս արդյունքների վրա հսկայական ազդեցություն է ունեցել փողը, այդ թվում` ապօրինի բաժանվող փողը:

«Ազատություն».- Ընտրությունների արդյունքում Ձեր գլխավորած ուժը չանցավ խորհրդարան, եթե չեմ սխալվում, ավելի քիչ ձայն եք ստացել, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Կարո՞ղ ենք ասել, որ սա արցախյան հանրության կողմից գնահատական է Ձեր, Ձեր քաղաքական ուժի անցած տարիների գործունեությանը:

Հայկ Խանումյան.- Դե դե ֆակտո այդպես է դուրս գալիս, գոնե դե յուրե, համենայն դեպս հանրությունն է որոշում իրականում, այո, ընտրություններն ընդհանրապես գնահատական տալու ժամանակ են, երբ հանրությունը գնահատական է տալիս նախորդ 5 տարիների գործունեությանը քաղաքական ուժերին կամ գնահատական է տալիս ծրագրերին: Եթե թողնենք էմոցիաները կամ ռոմանտիկ շեղումները, իհարկե, սա հստակ այդպես է, որ հասարակության գոնե մի փոքր մաս չկարողացավ տալ այն գնահատականը, որը հարկավոր էր նորից խորհրդարանում լինելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG