Մատչելիության հղումներ

Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ժողովրդավական հասարակություն ունենալու իրավունքը. ԱԳՆ


Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Հաղորդագրությունում ասված է, որ Արցախում մարտի 31-ին կայացած ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, դրա լավագույն վկայությունն են:

«Դրանք մեկ անգամ ևս փաստեցին, որ մարդու իրավունքները, մասնավորապես ընտրելու և կառավարմանը մասնակցելու իրավունքը, անօտարելի են և համընդհանուր: Մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը, հստակորեն սահմանում են, որ մարդու իրավունքների համատեքստում որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, և բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունքի ուժով կարող են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը», - ասված է հաղորդագրությունում:

ԱԳՆ-ն նշում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է: Այս իրողությունն ամբողջովին արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված կարգավորման սկզբունքներում և տարրերում, որտեղ ամրագրված է այդ իրավունքով Արցախի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը:

«Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարության մեջ հակամարտության կարգավորմանն ուղղված սկզբունքների և տարրերի համատեքստում ևս մեկ անգամ ընդգծեցին Արցախի բնակչության դերն իր ապագան որոշելու գործում», - նշված է հայտարարությունում:

Հայտարարությունում նաև նշված է, որ Արցախի ընտրված իշխանությունների ակտիվ ներգրավումը որպես հակամարտություն կարգավորման հիմնական կողմ էականորեն կբարձրացնի բանակցային գործընթացի արդյունավետությունը և կապահովի առաջընթաց կարգավորման առանցքային հարցերում:

«Արցախի ընտրությունները կարևոր են նաև տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդման տեսակետից: Այն վերստին փաստում է իրողությունը, որ հակամարտությունը չի կարող դառնալ անհաղթահարելի խոչընդոտ ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհին: Այս օրերին մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում Արցախի ժողովրդի դեմ չորս տարի առաջ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին:

Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ տարածաշրջանի բոլոր երկրների ժողովրդավարական զարգացումը և սեփական ժողովուրդների առջև հաշվետու իշխանությունների ձևավորումը տարածաշրջանային անվտանգության և հակամարտության խաղաղ կարգավորման գրավականն է», - նշել է ԱԳՆ-ն:

Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն էլ միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։ Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդներ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ևս քննադատել են ընտրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG