Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանը կոչ է անում համավարակի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը


Արցախի նախագահի թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանը քաղաքացիներին կոչ է անում նոր կորոնավիրուսի համավարակի վտանգի պայմաններում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Այս մասին նա խոսել է իր հայտարարության մեջ:

«Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը»,- նշել է նա` հավելելով, որ սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իր դիրքորոշումից և կատարված քայլերից` միտված քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթող չկա, նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ անցել են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 49,2 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 14 թեկնածու:

Իր հայտարարության մեջ Մայիլյանը հիշեցնում է, որ դեռ մարտի 26-ին է խոսել կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ` նշելով, որ վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։

«Սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս»,- նշել է նա` շնորհակալություն հայտնելով իրեն տված քվեների համար:

«Մենք չենք հրաժարվում Նոր Արցախի մեր տեսլականից և համավարակի հաղթահարումից հետո այդ տեսլականի իրականացմանը միտված կոնկրետ աշխատանքներ ենք տանելու:

Իսկ ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավլ ևս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը»,- եզրափակել է Մայիլյանը։

Նշենք նաև, որ Եվրամիությունը հայտարարություն էր տարածել Արցախում անցկացվող ընտրությունների կապակցությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:

«Եվրամիությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը», - հայտարարել է կառույցի խոսնակը՝ հավելելով. - «Այս քվեարկությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի արդյունքների վրա»:

Լեռնային Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։

XS
SM
MD
LG