Մատչելիության հղումներ

Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը


Լեռնային Ղարաբաղում այսօր նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Այստեղ բացված 281 ընտրատեղամասերում ավելի քան 103 հազար ընտրողներ իրացնելու են իրենց ընտրական իրավունքը:

Նախագահական ընտրապայքարին մասնակցում է 14 թեկնածու, Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում է 12 քաղաքական ուժ։ Մինչ քվեարկության եկած նախագահի թեկնածուները հայտարարում էին, որ քվեարկում են հանուն Լեռնային Ղարաբաղի ավելի լավ ապագայի, տարածվեց Եվրամիության հայտարարությունը, ըստ որի` «Միությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը»։

«Այս քվեարկությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի արդյունքների վրա», - նշված է Եվրամիության հայտարարությունում։ Օրվա վերջում հայտարարությամբ հանդես եկան նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները՝ նշելով. - «Ի գիտություն են ընդունում այսպես կոչված «ընտրությունները», բայց նաև ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ո՛չ համանախագահ երկրների, ո՛չ էլ որևէ այլ պետության կողմից։ Հետևաբար համախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որևէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների ելքը»։

Նախագահի թեկնածուներից ֆավորիտ համարվող նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց ղարաբաղցիներին ակտիվ մասնակցության համար՝ դա համարելով նրանց «բարձր քաղաքացիական գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումը»։

Մյուս թեկնածուն՝ Լեռնային Ղարաբաղի գործող արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ասաց. - «Ընտրել եմ նոր Արցախը` ավելի ապահով, ավելի անվտանգ, ավելի ժողովրդավարական, ավելի քաղաքակիրթ: Կարծում եմ, որ մարդիկ ուզում են, որ լինեն փոփոխություններ, որ ավելի շատ արդարություն լինի, որ իրավական դաշտում բոլորը լինեն հավասար, որ արտոնյալ մարդիկ չլինեն Արցախում, որ նաև հստակ տարանջատում լինի բիզնեսի և իշխանության միջև: Ընդհանրապես մարդիկ ուզում են, որ նոր Արցախը լինի, ուզում են, որ այդ փոփոխությունները, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, այդ բարեփոխումների պտուղներից իրենք էլ են ուզում օգտվել»:

Ղարաբաղի նախագահի աթոռի համար, Հարությունյանից ու Մայիլյանից բացի, պայքարում են նաև Ազգային ժողովի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը, Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և ևս ինը թեկնածու։

Քվեարկության եկած Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին ուղղված հարցերի մեծ մասն այն մասին էր, թե արդյոք վտանգավոր չէ կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրություններ անցկացնել, երբ աշխարհի շատ երկրներում ընտրությունները, հանրաքվեները չեղարկվել են: «Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների և գործողությունների, որի հետևանքով կվտանգվի Արցախի Հանրապետության քաղաքացիների առողջությունը և նրանց անվտանգությունը: Մենք անց ենք կացրել բազմաթիվ քննարկումներ և եկել ենք այն տրամաբանական որոշմանը, որ ունենք բոլոր նախադրյալները Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ապագայում իր գործունեությանը, նա ասաց.- «Նպատակ ունեմ մնալու մեր Արցախում և իմ հնարավորությունների շրջանակներում օգտակար լինել մեր ժողովրդին և մեր հայրենիքին»:

Նշենք նաև, որ հայկական զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածության մի քանի դեպքեր արդեն կան: Կորոնավիրուսի ներկայացրած վտանգի մասին «Ազատությունը» հարցեր ուղղեց նաև պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին:

«Կանխարգելիչ միջոցառումները բանակում քանի որ ավելի հեշտ է վերահսկելը, քան թե քաղաքացիական ինչ-որ հիմնարկներում, միանշանակ կոնկրետ ընտրությունների հետ կապված` մենք հանրապետության նախագահի հետ էլ պայմանավորվել էինք, հստակ ժամանակացույց է սահմանվել, ժամկետները նշվել են` որ ժամին ժամկետայինները, անձնակազմը պիտի ընտրություններին մասնակցի, և այն, որ ապահովվածությունը կա` ձեռնոցներով, մասկաներով և իրենց հետ ալկոգելը լրիվությամբ` 100 տոկոսանոց, ապահովված է: Հիմնական անձնակազմը, կարելի է ասած, համարյա շփում չունի, հրամանատարների անմիջական վերահսկողությամբ, առանց որևիցե շարքերի, մենք արդեն տեղադրել ենք կայքերում, թե ոնց են մեր ժամկետային զինծառայողները քվեարկում»,- մանրամասնեց ՊԲ հրամանատարը:

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը օրվա վերջում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ քվեարկել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրողների 72.7 տոկոսը:

Լեռնային Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։

XS
SM
MD
LG