Մատչելիության հղումներ

Մոլորակի մեկ երրորդը կարանտինի պայմաններում է


Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավելի քան երկու միլիարդ վեց հարյուր միլիոն մարդ աշխարհի տասնյակ երկրներում սահմանափակումների պայմաններում են:

Վարակվածների թիվն աշխարհում հասնում է կես միլիոնի, մահացել է ավելի քան տասնութ հազար վեց հարյուր մարդ:

Ամենաշատ մարդկային կորուստները,, երեկվա տվյալներով Իտալիայում է՝ 6 հազար 820 մարդ պաշտոնապես հաստատված 69 հազար 176 դեպքերից:

«Մենք այլևս հաշվում ենք մահացածներին, աշխատում ենք ահավոր լարվածության և սթրեսի պայմաններում: Մեր գործընկերներից շատերը մեկուսացված են, քանի որ նույնպես վարակվել են, և մենք` այստեղ մնացածներս, պետք է կարողանանք սպասարկել անթիվ հիվանդներին», - պատմում է իտալական հիվանդանոցներից մեկի բուժքույրը:

Այսօր Իտալիայի կառավարությունը դիմել է աննախադեպ կոշտ միջոցների:Վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ տասնապատիկ ավելացվում է կարանտինի խախտման տուգանքը` չորս հարյուր եվրոյից հասցնելով երեք հազարի: Իտալայից հիվանդներին վերջին օրերին սկսել են ուղղաթիռներով տեղափոխել Գերմանիայի հիվանդանոցներ, թեև այնտեղ էլ վարակվածների թիվը օր-օրի աճում է: Գերմանիայում վարակվածները շուրջ երեսուներեք հազար են, արդեն մահացել է 157 մարդ:

Իտալիայում ոչ միայն բժիշկներն են այլևս անզոր հիվանդների հոսքի դեմ, այլև սգո բիզնեսը՝ արգելվել են ավանդական թաղումները, նույնիսկ մահացածի մարմինն է արգելված փոխանցել ընտանիքին, թաղման արարողությունն էլ տևում է ընդամենը մի քանի րոպե: Եվրոպայում Իտալիայից հետո առավել մտահոգիչ է իրավիճակը Իսպանիայում, որտեղ վարակվածների թիվը ավելի քան քառասուն հազար է, մահացել է2700 մարդ: Վերջին օրերին Մադրիդի մի շարք ծերանոցում հայտնաբերվել են կորոնավիրուսի հետևանքով մահացած տարեցներ, որոնց չէին հաշվառել որպես վարակակիր: Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ նրանք վարակվել են, սակայն ժամանակին չեն ուղարկել հիվանդանոցներ և թողել են մահանալ իրենց մահճակալներում: Մի շարք դեպքերում մահանալուց հետո տարեցները ժամեր շարունակ պառկած էին մնացել իրենց սենյակներում:

Ֆրանսիայում զոհերի և վարակվածների թիվը ևս աճում է: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում զոհերի թիվը կազմել է 240, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1100-ի: Վարակված է 22 300 մարդ, նրանց կեսը հոսպիտալացված է, հարյուրավոր մարդկանց վիճակը գնահատվում է ծանր: Երկրի առողջապահության ոլորտի մասնագետները կառավարությանը հորդորում են կարանտինը երկարաձգել մինչև վեց շաբաթ:

Այսօր հաղորդվեց, որ Մեծ Բրիտանիայում ավելի քան ութ հազար վարակակիրների թվում է նաև թագաժառանգ Չարլզը: Թագավորական ընտանիքի յոթանասումեկամյա ներկայացուցիչը, ինչպես հաղորդվում է որոշ ախտանիշներ ունի, սակայն ընդհանուր առմամբ նա իրեն լավ է զգում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, առաջիկայում վարակի հսկայական օջախ կարող է դառնալ Միացյալ Նահանգները, որտեղ արդեն հիսուն հազար վարակակիր կա, զոհվել է վեց հարյուր մարդ: Պենտագոնի հաշվարկներով, համաճարակը երկրում կարող է տևել առնվազն մեկ ամիս, իսկ նորմալ կյանքին մարդիկ կկարողանան վերադառնալ միայն հունիս-հուլիս ամիսներին:

Սպիտակ տան ղեկավարը սակայն հայտարարել է, թե դեղամիջոցը՝ այսինքն ինքնամեկուսացումը, որը միտված է կանխելու համաճարակի տարածումը, կարող է շատ ավելի վտանգավոր լինել մարդկանց համար, քան բուն կորոնավիրուսը: Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով, կառավարությունը երեք շաբաթից կարող է չեղարկել կարանտինային միջոցառումները, որոնք խարխլում են ամերիկյան տնտեսությունը, իսկ բնակչության մեկ երրորդը այլևս ի վիճակի չէ վճարել բժշկական ծառայությունների համար:

Կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներին դեմ է նաև Թրամփի բրազիլիացի պաշտոնակիցը: Չնայած իր խոսնակի մոտ վարակի հաստատման փաստին, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է. - «Ռիսկային խմբում վաթսունն անց մարդիկ են, ինչո՞ւ պետք է փակվեն դպրոցները»:

Նախօրեին դիմելով հայրենակիցների բրազիլիայի առաջնորդը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետին կոչ է արել վերադառնալ նորմալ կյանքի և վերջ տակ կարանտինային միջոցառումներին: Բրիազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է արդեն 2200-ի, ավելի քան քառասունհինգ հոգի մահացել է, նախագահը սակայն շարունակում է պնդել, որ համաճարակը հորինված է, իսկ կորոնավիրուս կոչվածը սովորական գրիպ է:

XS
SM
MD
LG