Նոր «Մարշալի պլան». այսպես են բնութագրում ամերիկացի օրենսդիրները Սպիտակ տան հետ անցած գիշեր ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք թույլ կտան առաջիկա ամիսներին շուրջ երկու տրիլիոն դոլար ծախսել` ամերիկյան տնտեսության վրա կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:
Ամերիկացի սենատորները և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչները հակաճգնաժամային փաթեթի շուրջ փոխադարձ համաձայնության եկան մի քանի ժամ շարունակված լարված քննարկումներից հետո, որոնք ավարտվեցին, երբ Վաշինգտոնում արդեն գիշերվա ժամը երկուսն էր:
«Հինգ օր շարունակված լարված բանակցություններից, անքուն գիշերներից, իսկական բանակցային մարաթոնից հետո Սենատում ներկայացված երկու կուսակցություններն ի վերջո կարողացան տնտեսության փրկությանն ուղղված և ԱՄՆ պատմության մեջ երբևիցէ արձանագրված խոշորագույն ծրագրի շուրջ փոխհամաձայնության գալ: Դա սակայն ոչ թե տոնակատարությունների առիթ է, այլ սուր անհրաժեշտություն: Նախևառաջ սա «Մարշալի ծրագիր» է մեր հիվանդանոցների և առողջապահական կարիքների համար», - անցած գիշեր դիմելով գործընկերներին` հայտարարել է Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը:
Սենատում ներկայացված հանրապետականների ղեկավար, որպես կանոն խիստ սառնասիրտ և զուսպ Միթչ ՄըքՔոնելը ևս անցած գիշեր դժվարությամբ էր զսպում հուզմունքը․ - «Սա լավ լուր է հիվանդանոցներում աշխատող բժիշկների և բուժքույրերի համար, որոնք պաշտպանիչ դիմակների և ֆինանսավորման նոր չափաբաժնի են սպասում: Սա լավ լուր է Ամերիկայում բնակվող բազմաթիվ ընտանիքների համար: Մի քանի օր շարունակված քննարկումներից հետո մենք պատմական համաձայնության ենք հանգել, որը թույլ կտա հնարավորինս կարճ ժամանակահատվածում տրիլիոնավոր դոլարներ ներարկել տնտեսության մեջ, ինչպես նաև ուղղակի օգնություն ցուցաբերել ամերիկացի աշխատավորներին, ընտանիքներին, փոքր բիզնեսին և արդյունաբերության տարբեր ոլորտներին` օգնելով նրանց հաղթահարել ծագած դժվարությունները»:
Արևմտյան լրատվամիջոցները արդեն իսկ որոշ մանրամասներ են հաղորդում ձեռք բերված պայմանավորվածությունների և այս կամ այն ոլորտին հատկացվելիք օժանդակության կոնկրետ ծավալների մասին:
Reuters-ի տեղեկություններով, առնվազն 75 միլիարդ դոլար կուղղվի առողջապահական համակարգի կարիքները հոգալուն: Չի բացառվում սակայն, որ այդ գումարը աճի` հասնելով 100 միլիարդի: Դեմոկրատների համոզմամբ, օրինակ, հիվանդանոցներին հատկացվելիք օգնության ծավալը հարկավոր է է՛լ ավելի մեծացնել` հասցնելով 130 միլիարդի: Առաջիկա օրերին այս թեմայի շուրջ բանակցությունները ըստ ամենայնի կշարունակվեն:
Շուրջ կես տրիլիոն դոլար է ուղղվելու կորոնավիրուսի համաճարակի հետևանքով լրջորեն տուժած ոլորտներին: Մասնավորաբար, նախատեսվում է ավելի քան 60 միլիարդ տրամադրել ամերիկյան ավիաընկերություններին:
250 միլիարդ դոլար է ուղղվելու ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած տնտեսական ճգնաժամի հետևանքով գործազուրկ են դարձել:
Շուրջ կես տրիլիոն դոլար է նախատեսվում ուղղել տարեկան մինչև 75 հազար դոլար եկամուտ ունեցող ամերիկյան ընտանիքներին`փորձելով մեղմել հարկադիր պարապուրդի ընթացքում կրած վնասները:
Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի պնդմամբ, հակաճգնաժամային փաթեթում 350 ևս միլիարդ դոլար է առանձնացվելու փոքր ձեռնարկություններին վարկեր տրամադրելու նպատակով:
Սենատում ձեռք բերված համաձայնությունները հաշված ժամերի ընթացքում դրական ազդեցություն թողեցին համաշխարհային ֆոնդային շուկաներում տիրող կացության վրա:
Ասիական բորսաներում վաղ առավոտյան զգալի աճ արձանագրվեց, մոտ երեք տոկոսով աճեց նաև Brent տեսակի նավթի գինը:
Համաշխարհային ֆինանսական շուկայի վրա հանդարտեցնող ազդեցություն ունեցավ նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` նախօրեին Վաշինգտոնում արած այն հայտարարությունը, որի համաձայն աշխարհի թիվ մեկ տնտեսության բնականոն գործունեությունը կարող է վերականգնվել արդեն երեք շաբաթից` ապրիլի կեսերին:
«Ամերիկան շուտով, շատ շուտով կրկին բաց կլինի տնտեսական գործունեության համար: Շատ ավելի վաղ, քան այն երեք կամ չորս ամիսները, որոնց մասին խոսում են ոմանք: Մենք չենք կարող թույլ տալ, որ դեղամիջոցը ավելի վնասակար լինի, քան խնդիրը ինքնին», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը: