Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցեց հազարը


Կորոնավիրուսով ախտահարված մարդուն տեղափոխում են հիվանդանոց, Մյուլուզ, Ֆրանսիա, 23-ը մարտի, 2020թ.
Կորոնավիրուսով ախտահարված մարդուն տեղափոխում են հիվանդանոց, Մյուլուզ, Ֆրանսիա, 23-ը մարտի, 2020թ.

Ֆրանսիան դարձավ աշխարհի հինգերորդ պետությունը, որտեղ կորոնավիրուսի հարուցած COVID-19 շնչառական հիվանդությունից մահացել է ավելի քան հազար մարդ:

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը կարգավորող պետական հանձնաժողովը պնդում է, որ Ֆրանսիայում անցած շաբաթվա ընթացքում 15 օրով սահմանված համազգային կարանտինը պետք է ուժի մեջ լինի առնվազն ևս վեց շաբաթ:

Առողջապահության նախարար Օլիվիե Վերանն ասել է, որ ինքը հիմա չի կարող նշել, թե երբ կավարտվի կարանտինը:

«Եթե կառավարությունը հետևի գիտական խորհրդի հորդորներին, ապա կարանտինը պետք է տևի առնվազն մինչև ապրիլի 28-ը»,- ճեպազրույցում ասել է Վերանը:

Գիտական խորհուրդը, որը նախագահ Էմանյուել Մակրոնի համար խորհրդատվական տեղեկագրեր է կազմում, հայտարարել է, թե «խստագույն կարանտինը տվյալ պահին ամենաարդյունավետ միջոցն է, և այն պարտադիր պետք է իրականացվի»:

Վերանն ասել է,որ Ֆրանսիան հետևելու է ստուգումների թիվն էապես ավելացնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչին:

Առողջապահության գործակալության պետ Ժերոմ Սալոմոնն ասել է, որ առաջիկայում Ֆրանսիայում հնարավոր կլինի ամեն օր մինչև 10 հազար ստուգում անցկացնել: Նրա փոխանցմամբ, Ֆրանսիայում ավելի քան 2 և կես հազար հիվանդ ծանր վիճակում է: Հիվանդանոցներում 8 հազար մահճակալներ արդեն ապահովված են թոքերի արհեստական օդափոխման սարքերով:

Կորոնավիրուսից ավելի քան հազար մարդ է մահացել Չինաստանում, Իտալիայում, Իրանում և Իսպանիայում:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 22 հազար 300 մարդ, հիվանդներից մոտ 3 հազար 300-ն ամբողջությամբ ապաքինվել է:

XS
SM
MD
LG