Մատչելիության հղումներ

Աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ ավելի քան երկու տասնյակ դեղամիջոց է փորձարկվում


Նոր կորոնավիրուսի բուժման համար հաստատված և համապատասխան ստուգումներն անցած որևէ դեղամիջոց աշխարհի որևէ երկրում առայժմ չկա. բժիշկները դեռ դրա հետևանքների դեմ են պայքարում, գիտնականները փորձում են գտնել նոր լուծումներ:

Մոտ երեք ամիս շարունակվող այս փնտրտուքն արդեն որոշակի արդյունքներ է տալիս. մի շարք հետազոտական խմբեր հայտարարում են հուսադրող փորձարկումների մասին:

Ֆրանսիացի մի խումբ բժիշկներ, մասնավորապես, պնդում են, թե հաջողության են հասել` օգտագործելով տասնամյակներ առաջ հաստատված մի դեղամիջոց, որը նախատեսված էր մալարիայի, ռևմատոիդ արթրիտի ու կարմիր գայլախտի դեմ: Նոր կորոնավիրուսի դեմ առաջինն այն կիրառել է Մարսելի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Դիդիե Ռաուլը: Ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում հայտնի մասնագետը պնդում է, որ արդյունքը եղել է դրական․ բոլոր 24 հիվանդները, որոնք ինքնակամ համաձայնել են փորձարկել դեղամիջոցը, ապաքինվել են, ընդ որում` շատ արագ, մոտ մեկ շաբաթվա ընթացքում:

Մասնագետները փաստում են, որ այս տարբերակը կարող է շրջադարձային լինել կորոնավիրուսի դեմ պայքարում. դեղը արդեն իսկ կա, և դրա նախնական, կլինիկական փորձարկումների վրա պետք չէ ժամանակ վատնել: Մյուս կողմից, անգամ այս մեթոդի հեղինակներն են ասում, որ երկու տասնյակ ապաքինվածները ընդամենը մեկ կաթիլ են օվկիանոսում. մասնագետներն ընդգծում են, որ պետք է պարզել, թե որքանով է տասնամյակներ առաջ մշակված դեղամիջոցը արդյունավետ նոր վարակի դեմ, և ինչ կողմնակի ու բացասական հետևանքներ կարող է ունենալ այլ հիվանդություններով տառապողների վրա։

«Անհրաժեշտ են ընդարձակ ստուգումներ», - օրեր առաջ հայտարարել էր Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության ղեկավար Ստեֆան Հանը, հավելելով` «Մենք ուզում ենք պարզել, թե որքանով է այս մեթոդն անվտանգ: Այդ նպատակով այժմ ընդարձակ և պրագմատիկ կլինիկական փորձարկումներ ենք իրականացնում`հավելյալ տեղեկատվություն ստանալու համար»:

Կլինիկական փորձարկումներից մեկն իրականացվում է Միացնալ Նահանգների Մինեսոտա նահանգում` 1500 հիվանդների մասնակցությամբ: Մալարիայի դեմ ժամանակին ստեղծված դեղամիջոցից բացի, այստեղ նաև մեկ այլ դեղ են փորձարկում, որը ստեղծվել է մոտ երեք տասնամյակ առաջ` արյան ճնշումը կարգավորելու համար:

«Մենք հայտնվել ենք մի ժամանակաշրջանում, երբ համաճարակն արդեն սկսվել է, սակայն մենք դեռ չունենք բազմաթիվ հարցերի պատասխաններ», - ասում է կլինիկական փորձարկումներն իրականացնող խմբի ղեկավար, Մինեսոտայի համալսարանի գիտական հայտնագործությունների գծով դեկան Թիմ Սխակերը: - «Կան որոշ մտքեր, գաղափարներ: Եթե փորձարկումներով ապացուցվի, որ դրանք արդյունավետ են, մենք արդեն մեր զինանոցում որոշ զինատեսակներ կունենանք, որոնք կօգնեն կանխարգելել վարակի տարածումը, կամ հիվանդությունը հաղթահարել ավելի լավ ու արագ»:

Ըստ մասնագետների, հեռանկարային արդյունքներ է խոստանում նաև Լոս Անջելեսում գրանցված Gilead Sciences ընկերության Remdesivir-ը: Դեղամիջոցը, որն ի դեպ որևէ երկրում առայժմ գրանցված չէ և չի հասել կլինիկական փորձարկումների վերջին փուլին, ստեղծվել էր մի քանի տարի առաջ մեկ այլ համաճարակի` էբոլայի ժամանակ: Այդ վիրուսի դեմ այն արդյունավետ չէր եղել: Մասնագետները, սակայն, փորձերից հետո եզրակացրել էին, որ այն կարող է պիտանի լինել կորոնավիրուսների դեմ: Հիմա մի շարք երկրներում փորձնականորեն կիրառում են դեղամիջոցը Covid-19-ով հիվանդներին բուժելու համար:

Եվրոպական ջանքերը համակարգում է դանիացի պրոֆեսոր Յենս Լունդգրենը` Դանիայի ազգային հիվանդանոցի իր գիտահետազոտական խմբի հետ միասին:

«2014-2015 թվականներին այս դեղը փորձարկվել է աֆրիկյան երկրներում էբոլայի համաճարակի ժամանակ, սակայն արդյունք չի տվել, ուստի մասնագետները մի կողմ էին դրել, որպեսզի փորձեն հաջորդ, կորոնավիրուսային համաճարակի ժամանակ: Իհարկե, որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ հաջորդ համաճարակն այս չափի ու ծավալի է հասնելու, բայց գրեթե բոլորն էին համոզված, որ մենք բախվելու ենք նման մարտահրավերի: Հիմա, երբ այն արդեն սկսվել է, մենք, այսպես ասած, դարակից հանել ենք այդ փորձնական դեղամիջոցը ու ակտիվացրել ենք այս ուղղությամբ աշխատանքները»:

New York Times-ն իր հերթին հաղորդում է` Նյու Յորքի և Փարիզի գիտաշխատողները օրերս համատեղ սկսել են փորձարկել երկու տասնյակ այլ դեղամիջոցների ազդեցությունը նոր կորոնավիրուսի վրա: Առաջին թեստերը սկսել են երեկ, վերջնական արդյունքների համար, սակայն, շաբաթներ, անգամ`ամիսներ կպահանջվեն:

Մինչ այդ մասնագետները խստիվ հորդորում են ինքնագործունեությամբ ու ինքնաբուժմամբ չզբաղվել, ցանկացած դեղամիջոց ընդունել միայն ու միայն բժշկի ցուցումով, ախտանշանների բարդացման դեպքում`լինել մասնագետների հսկողության տակ, հիվանդության կանխագելման համար էլ օգտվել պարզ ու հայտնի մեթոդից`լվանալ ձեռքերն ու հնարավորինս խուսափել շփումներից:

XS
SM
MD
LG