Մատչելիության հղումներ

«Վիրուսին հաղթելու համար պետք է հարձակման անցնենք առավել ագրեսիվ ռազմավարությամբ». ԱՀԿ


«Նոր կորոնավիրուսը ավելի արագ տեմպերով է տարածվում աշխարհով մեկ, անհրաժեշտ է պաշտպանությունից անցնել առավել ագրեսիվ միջոցների», - երեկ երեկոյան հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեսիուսը:

Մեջբերելով վերջին շաբաթների մտահոգիչ վիճակագրությունը` միջազգային կազմակերպության ղեկավարն ընդգծեց` խնդրի լուծումը քաղաքական կամք ու համակարգված մոտեցում է պահանջում համաշխարհային մակարդակով:

«Հիվանդության` արձանագրված առաջին դեպքից հետո 67 օր պահանջվեց, մինչև վարակվածների թիվը հասավ 100 հազարի: Հարյուրից երկու հարյուր հազարի, սակայն, հասանք 11 օրում, մինչդեռ երեք հարյուր հազարի սահմանը հատեցինք ընդամենը չորս օրում», - ասաց Գեբրեսիուսը:

Կազմակերպության տվյալներով, այս պահին աշխարհում նոր կորոնավիրուսով հիվանդ է շուրջ 370 հազար մարդ, վարակի դեպքեր կան գրեթե բոլոր երկրներում: Էպիկենտրոնը շարունակում է մնալ Եվրոպան: Իտալիան անցած շաբաթ արդեն գերազանցել էր Չինաստանին մահացածների թվով. հիվանդության մեկնարկից ի վեր այդ երկրում ավելի քան վեց հազար մահ է գրանցվել կորոնավիրուսի պատճառով: Վերջին օրերին էլ Իսպանիան է հակառեկորդներ սահմանում, որտեղ անցած 24 ժամում կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 435 մարդ:

«Համաճարակի տարածումը կանգնեցնելու համար անհրաժեշտ է համաշխարհային հանձնառություն», - երեկ հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը` դիմելով կառավարություններին ու առաջնորդներին:

«Տանը մնալու և սոցիալական շփումները նվազեցնելու ձեր հորդորները կարևոր են, և հնարավորություն են տալիս մեզ ժամանակ շահել: Բայց դրանք լոկ պաշտպանական քայլեր են, որոնցով հաղթանակի չենք կարող հասնել: Վիրուսին հաղթելու համար մենք պետք է հարձակման անցնենք առավել ագրեսիվ և թիրախավորված ռազմավարությամբ: Անհրաժեշտ է թեստով ստուգել յուրաքանչյուր կասկածելի դեպք, յուրաքանչյուր հաստատված դեպ` մեկուսացնել և բուժել, ինչպես նաև հետևել ու առանձնացնել յուրաքանչյուրին, որ շփում է ունեցել հիվանդների հետ», - նշեց Թեդրոս Գեբրեսիուսը:

Այսօրվանից խիստ սահմանափակումների է անցնում նաև Մեծ Բրիտանիան: Վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ ուշ երեկոյան հայտարարեց` այսուհետ բրիտանացիները կարող են տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, արգելված են զանգվածային բոլոր միջոցառումները, այդ թվում` հարսանյաց հանդեսները:

«Կորոնավիրուսը վերջին տասնամյակների ընթացքում Բրիտանիային պատուհասած ամենամեծ մարտահրավերն է, և մենք միակը չենք: Ողջ աշխարհն է զգում այս վարակի կործանիչ ազդեցությունը: Այս երեկո ես պետք է բրիտանացիներին մի շատ պարզ հանձնարարություն տամ` մնացեք տանը, դա կօգնի չծանրաբեռնել մեր առողջապահական համակարգն ու փրկել մարդկային կյանքեր», - ասաց Ջոնսոնը​:

Էլ ավելի զգացմունքային էր Կանադայի վարչապետի ուղերձը. «Սոցիալական ցանցերում բազմաթիվ լուսանկարներ կան, որոնցից դատելով շատերին թվում է, թե իրենք անխոցելի են: Ցավոք, դուք սխալվում եք», - հայտարարեց Ջասթին Թրյուդոն, ընդգծելով, - «Բավական է այլևս, գնացեք տուն և մնացեք տանը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ հասնել դրան, այդ թվում` նոր օրենքներ ընդունելով, եթե դրա կարիքը լինի»:

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում երեկ արդեն ոստիկանությունը արգելափակել էր տեսարժան վայրեր տանող ճանապարհները` զբոսաշրջիկների ու այցելուների հոսքը կանխելու համար: Անցած 24 ժամում միայն կորոնավիրուսն Ամերիկայում ավելի քան հարյուր մարդու կյանքն է խլել. սա մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն էր Նահանգներում` համաճարակի բռնկումից ի վեր:

XS
SM
MD
LG