Մատչելիության հղումներ

Գերմանիայում վիրուսի տարածման դինամիկան թուլանում է


Դիմակներով ուղևորները ավտոբուսի կանգառում, Բեռլին, 23 մարտի, 2020թ:
Դիմակներով ուղևորները ավտոբուսի կանգառում, Բեռլին, 23 մարտի, 2020թ:

Մասնագետների պնդմամբ, հաջողության գրավականը կարանտինի ռեժիմի պահպանումն է:

Մարտի 23-ին Երևանի ժամանակով երեկոյան ժամը 18-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 351 հազար դեպք, մահացել է շուրջ 15 հազար 300 մարդ, լիակատար ապաքինվել է ավելի քան 100 հազար հիվանդ: Համավարակի դեպքեր կան աշխարհի 186 պետություններում:

Տակավին չափազանց ծանր է կացությունն Իտալիայում, որտեղ կորոնավիրուսի հարուցած COVID-19 շնչառական հիվանդությունից մահացել է մոտ 5, 5 հազար մարդ:

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի պետ Անջելո Բորելին հայտնել է, որ վարակվածներից շուրջ 23 հազարը գտնվում է տնային կարանտինի պայմաններում, մոտ 20 հազարը հիվանդանոցներում է, ավելի քան 3 հազար հիվանդ վերակենդանացման բաժանմունքներում է, ավելի քան 7 հազար հիվանդ ապաքինվել է:

Փաստորեն, Իտալիայում՝ ներառյալ մահվան և ապաքինման տվյալները, համաճարակի բռնկումից ի վեր ընդհանուր հաշվով վարակվել է գրեթե 60 հազար մարդ:

Աշխարհի երկրները փորձում են այս դժնդակ օրերին Իտալիայից դուրս հանել իրենց քաղաքացիներին, բայց դրսում բնակվող իտալացիներից շատերն էլ հայրենիք են վերադառնում:

Չեխիայի և Իտալիայի միջև օդային կապ այլևս չկա, մարդկանց հատուկ ավտոբուսներով են փոխադրում: Մի ավտոբուս չեխաբնակ իտալացիներին այսօր տանում է Իտալիա, որտեղից էլ իտալաբնակ չեխերին տուն կբերի:

«Ես տուն եմ գնում, մայրս է ուզում, անհանգիստ է այս վիրուսի պատճառով», - ասել է Չեխիայում աշխատող իտալուհի Կլաուդիա Մուչանին:

«​Պարզապես տուն եմ ուզում վերադառնալ: Դեռ երկու օր առաջ մտադիր էի մնալ, բայց իմացա այս ավտոբուսի մասին, որոշեցի գնալ», - ասել է Բոլոնյայից Դևիս Կարրին:

Կորոնավիրուսի ծագման էպիկենտրոն համարվող Չինաստանում ընդհանուր հաշվով վարակվել է ավելի քան 81 հազար մարդ, մահացել է 3 հազար 270, բուժվել է գրեթե 73 հազար մարդ:

Չինաստանին և Իտալիային ախտահարվածների թվով հաջորդում է Միացյալ Նահանգները, որտեղ վարակվել է ավելի քան 35 հազար բնակիչ, մահացել է մոտ 460 մարդ, բուժվել է 178:

Իսպանիան վարակվածների թվով 4-րդն է, մահերի թվով՝ երրորդը։ Այստեղ գրանցվել է վիրուսի ավելի քան 33 հազար դեպք, COVID-19-ի զոհ է դարձել ավելի քան ավելի քան 2 հազար 200 մարդ:

Հայաստանի հարևան Իրանում ավելի քան 23 հազար ախտահարված կա, առնվազն 1800 մահ։

Այսօր տվյալներ են ստացվել Հայաստանի մյուս հարևան Թուրքիայից, որտեղ մարտի 23-ի տվյալներով, վարակվածների թիվը գերազանցել է 1250-ը, մահացել է առնվազն 30 մարդ:

Մայրաքաղաք Անկարայի և երկրի ամենամեծ քաղաք Ստամբուլի փողոցների մեծ մասը դատարկ է․ իշխանությունները տեղաշարժի սահմանափաակումներ են հայտարարել: Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ ավելի քան 10 հազար մարդ կարանտինի պայմաններում է:

Գերմանիան վարակվածների թվով աշխարհում 5-րդն է՝ ավելի քան 26 հազար 150 դեպք, բայց մահվան դեպքերը շատ ավելի քիչ են․ վիրուսը 106 կյանք է խլել։ Ընդ որում, Ռոբերտ Կոխի անվան համաճարակաբանության ինստիտուտի նախագահ Լոթար Վիլերն այսօր զգուշավոր լավատեսությամբ նշել է, որ վարակվածության դինամիկան փոքր-ինչ թուլանում է:

Դա, ըստ մասնագետի, նախևառաջ տեղի է ունենում շնորհիվ կանոնները պահպանելուն․ - «Առանցքային գործոնն այն է, որ մենք 14 օրերի ընթացքում խիստ հսկողության տակ ենք պահում կարանտինի ենթարկվածներին և մեկուսացնում ենք վարակվածներին։ Սա պետք է շարունակել առաջիկա շաբաթներին և ամիսներին։ Սա չափազանց կարևոր հանգամանք է»:

Գերմանիայում հիմա դրսում միասին կարող է լինել առավելագույնը երկու մարդ, բնակիչներին պարտադրում են միմյանցից գտնվել առնվազն 1,5-2 մետր հեռավորության վրա:

Այդ մասին է ասել կանցլեր Անգելա Մերկելն, ով, ի դեպ, ինքնակարանտինի է ենթարկվել, քանի որ շփվել է վարակված բժշկի հետ:

Այս խիստ կանոնները Գերմանիայի դեպքում գործում են։

Որոշ այլ երկրներում դրանք չեն պահպանվում։ Թե ինչու է այդպես, դա, թերևս, միանգամայն ուրիշ թեմա է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG