Մատչելիության հղումներ

Լոնդոնում փակեցին բոլոր ռեստորանները, փաբերը և սրճարանները


Մեծ Բրիտանիա - Բժշկական դիմակներով մարդիկ Ուեսթմինսթրի կամրջին, Լոնդոն, 20-ը մարտի, 2020թ․
Մեծ Բրիտանիա - Բժշկական դիմակներով մարդիկ Ուեսթմինսթրի կամրջին, Լոնդոն, 20-ը մարտի, 2020թ․

Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ ուրբաթ կեսգիշերից փակվում են և մինչև հայտարարվելիք օրն այլևս չեն բացվի հանրային սննդի օբյեկտները՝ ռեստորանները, փաբերը և սրճարանները։

Այցելուները կարող են կերակուր պատվիրել և այն վերցնել հատուկ պատուհաններից, սակայն ներս մտնելու և սեղանների շուրջ նստելու իրավունք չեն ունենա։

Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «հնարավորինս արագ պետք է փակվեն նաև բոլոր գիշերային ակումբները, կինոթատրոնները, ֆիթնեսի կենտրոններն ու զվարճանքի օբյեկտները»։ Նա նշել է, որ այդ սահմանափակումներն անհրաժեշտ են կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։

Նշված հիմնարկները վերաբացելու ժամկետը հայտնի չէ, և այն կախված կլինի վարակի տարածման դինամիկայից։ Ջոնսոնի փոխանցմամբ` այս որոշումը կվերանայվի ամեն ամսվա ընթացքում։

Կառավարությունը խոստացել է կորոնավիրուսի կապակցությամբ փակվող հիմնարկների աշխատողներին վճարել նրանց աշխատավարձի 80 տոկոսը, հատուցման վերին շեմը սահմանվել է ամսական մինչև 2500 բրիտանական ֆունտ ստերլինգ։

Թվարկված օբյեկտներն արդեն փակվել են եվրոպական տասնյակ պետություններում։

Բրիտանիայում մարտի 21-ի երեկոյան դրությամբ հաստատվել է վարակի մոտ 4 հազար դեպք, մահացել է 177 մարդ, լիակատար ապաքինվել է 65 հիվանդ։

Վարչապետը բնակիչներին հորդորել է ուրբաթ օրվա վերջին ժամերին չփորձել գնալ փակվող օբյեկտներ: «Որքան արագ և արդյունավետ մենք հետևենք այս կանոններին, այնքան արագ երկիրը կվերականգնվի առողջապահության և տնտեսության առումով։ Իսկ հիմա մեզ պետք է այնպես անել, որ մարդիկ առնվազն ֆիզիկապես հնարավորինս հեռու լինեն միմյանցից», - ասել է Բորիս Ջոնսոնը։

XS
SM
MD
LG