Մատչելիության հղումներ

Պատրաստվում է նախագիծ աշխատավարձերի խնդրի կարգավորման համար


Լուսանկարը՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

«Փեթակ» առևտրի կենտրոնի տաղավարների վարձակալներն ու աշխատողներն այսօր անհանգստացած եկել էին առևտրի կենտրոն: Տեղեկացել էին, որ եթե անգամ տաղավարները փակ են, տարածքի համար, միևնույն է, պետք է վճարեն: Ատևտրի կենտրոնում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա վստահեցրեց, որ կա պարետի որոշում առևտրի կենտրոնների վերաբերյալ, ըստ որի` չգործող տաղավարների համար չպետք է վարձավճարները գանձեն։

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնօրենն ասաց՝ որոշումը ստանալուց հետո կառաջնորդվեն դրանով. - «Ոստիկանությունից ինձ տեղեկացնում են, որ այսօր` մինչև ուշ, ինձ կտրամադրեն այդ փաստաթուղթը, ես էլ ձեզ տեղեկացնում եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում լինելու դեպքում հայտարարելու եմ անխտիր բոլորին»:

Արման Բաբաջանյանն էլ նշեց, որ որոշումը կլինի, ըստ որի տնօրենը պետք է ազատ արձակի և վարձավճար չպահանջի նրանցից, ովքեր չեն ուզում բացել տաղավարները. - «Ես խնդրում եմ` այդ որոշումը ժամ առաջ բերեք, որպեսզի մարդիկ կարողանան իրենց անելիքն իմանալ: Ովքեր ուզում են աշխատել, պիտի շարունակեն աշխատել, ովքեր չեն ուզում աշխատել, պիտի գնան, և նրանցից որևէ վարձավճար չպիտի գանձվի»:

Առևտրականների համար սա մասնակի լուծում է: Ասում են` միասնական ու պարտադիր լուծում է պետք բոլոր նմանատիպ առևտրի կենտրոնների համար: Տեսախցիկից այս կողմ շատերն ասում են` եթե պետությունը թողնում է մասնավորի հայեցողությանը, շատ գործատուներ պարտադրում են աշխատողներին գալ և բացել տաղավարները. - «Փաստորեն մի մասը բաց է լինելու, ճի՞շտ է: Ես խոսում եմ ոչ թե բիզնեսի համար, այլ վարակի տարածման համար, ասենք` վարակը չի՞ տարածվելու այդ դեպքում: Այո, ընդհանուր արգելք լինի, բայց դրանից բխող բաներն էլ պետք է հաշվի առնել` վարկ ունեն մարդիկ, հազար հարցեր կան, պիտի հետաձգվի ինչ-որ չափով»:

Մյուսն էլ նշում է. - «Ի՞նչ անենք, չբացե՞նք, պահանջ կա բացելու, գալիս ենք, բայց պետք է այդ պահանջը չլինի: Ես եկել եմ, բացել եմ, բայց ոչ մեկը չի մտել, չի ասել` ո՞նց ես, ո՞նց չես, չի ասել` ի՞նչ արժե, տունը ինձ հիմա սպասում են, լվանան, նոր թողնեն տուն կամ էլ չթողնեն»:

Համացանցում այս օրերին բազմաթիվ են գրառումներն այն մասին, որ մեծ ու փոքր տարբեր ընկերությունների աշխատողներ նման խնդիրների են բախվում: Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի առաջին կետով ասվում է` եթե աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Նույն հոդվածի 6-րդ կետով, սակայն, ասվում է` աշխատողը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:

«ՇԵՄՄ» հաշվապահական և խորհրդատվական կենտրոնից ասում են` շատ գործատուների համար հասկանալի չէ` աշխատակիցները վճարվելու են 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, թե չեն վճարվելու՝ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհաղթահարելի ուժի հիմքով:

«Չունենք հստակ կարգավորում, որը հստակ կսահմաներ, թե իրավիճակն այս պահին ֆորսմաժոր է, թե ոչ: Արտակարգ իրավիճակն այս պահի դրությամբ որպես ֆորսմաժոր ճանաչելու համար բավարար հիմքեր չի տալիս: Այստեղ շատ կարևոր է արդեն պարետատան և պարետի մոտեցումը: Պարետն, իմ կարծիքով, պետք է հստակ սահմանի, թե իրավիճակը ֆորսմաժորային է, թե ոչ և եթե ֆորսմաժորային է, ապա որ ոլորտների համար է համարվելու ֆորսմաժոր: Եվ ֆորսմաժորի ճանաչել-չճանաչելն այս պահի դրությամբ ոչ միայն աշխատանքային հարաբերություններն է կարգավորելու, այլ նաև առևտրատնտեսական հարաբերությունները, օրինակ` մենք ունենք շատ գործարաններ, բիզնեսներ, որոնք ունեն միջազգային պայմանավորվածություններ և պարտավորություններ, որոնք չկատարելու համար կսահմանվեն որոշակի տույժեր, և որպեսզի նրանք կարողանան այդ տույժերից ազատվել, պետք է կարողանան ներկայացնել փաստաթուղթ ֆորսմաժորի վերաբերյալ: Մեր տեղական օրենսդրությունով սահմանվում է, որ ֆորսմաժորի տեղեկանքը տրամադրում է Առևտրաարդյունաբերական պալատը», - ասում է կենտրոնի տնօրեն Վլադիմիր Շատվերովը:

Առևտրաարդյունաբերության պալատը, օրինակ նման տեղեկանք տրամադրել է, երբ բնական աղետների պատճառով փակ է եղել Լարսի անցակետը: Հասկանալու համար, թե հայտարարված «անհաղթահարելի ուժ» ասվածը կիրառելի է նաև արտակարգ դրության դեպքում, դիմել են պարետատուն։ Ըստ փորձագետ Վլադիմիր Շատվերովի՝ կարևոր է, որ պարետի որոշմամբ հստակեցվի նաև, թե «անհաղթահարելի ուժ» ասվածը տեղական որ ոլորտների վրա է տարածվում:

«Որովհետև մենք ունենք այս պահին շատ ոլորտներ, որոնք ըստ էության չեն գործում և չեն գործում կառավարության կոչի, հորդորի հիման վրա, բայց ըստ էության չկա հստակ կարգադրություն, որոշում, որ օրինակ` հանրային սնունդը, հյուրանոցները և նմանատիպ այլ ոլորտներ դադարեցնեն իրենց գործունեությունը: Նրանք դա անում են ինքնակամ և հետագայում կանգնելու են որոշակի խնդիրների առաջ», - նկատում է նա:

Անդրադառնալով այս խնդրին` երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանության հարց է, իսկ եթե աշխատողի ու գործատուի միջև առաջանում է խնդիր, ապա այդ հարցը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների ներքո է։

Տեսչական մարմնից հակադարձում են՝ մարմնի այդ լիազորությունը ուժի մեջ է մտնում հաջորդ տարվա հուլիսի 1-ից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը ևս փոխանցեց, որ իրենք այդ խնդիրների կարգավորման ոչ մի լիազորություն չունեն, միայն հաստատեց, որ այս պահին նախարարությունում օրենսդրական նախագիծ է պատրաստվում, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները:

Նախագծի աշխատանքային տարբերակին ծանոթ իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց` նպատակն այն է, որ գործատուն, որը չի կարողանում աշխատանքն ապահովել հեռավար կարգով, ոչ թե աշխատողին իր հաշվին արձակուրդ ուղարկի, այլ հնարավորություն տա աշխատանքի չներկայանալով որոշակի չափով վարձատրություն ստանալ. - «Շատ շրջանառվում է այս օրերին, որ իրավիճակը հարկադիր պարապուրդ է ենթադրում, բայց ըստ էության դա հարկադիր պարապուրդ չէ, որովհետև հարկադիր պարապուրդը բոլորովին այլ իրավական ռեժիմ է»:

Նախագծի մասին ավելի մանրամասն կխոսեն այն հրապարակելուց հետո, բայց ժամկետներ նշել չեն կարող: Պատգամավորը փոխանցեց` մի բան հստակ է՝ նախագծում կետ է լինելու այն մասին, որ այն տարածվում է մարտի 16-ից, այսինքն` արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս պարագայում մտահոգիչ է դառնում օրենքի հետադարձ ուժի կիրառման հարցը, քանի որ գործարարների մեկնաբանությամբ այն վատթարացնող հետևանք ունի։ Փորձագետները կարծում են, որ արդյունքում գործատու-աշխատող շատ վեճեր լուծում կստանան միայն դատական կարգով։

XS
SM
MD
LG