Մատչելիության հղումներ

Երևանն արտակարգ դրության պայմաններում


Հյուսիսային պողոտան Երևանում, 17-ը մարտի, 2020թ.
Հյուսիսային պողոտան Երևանում, 17-ը մարտի, 2020թ.

Հայաստանում արտակարգ դրություն է, մի շարք առևտրի կենտրոններ փակ են, բազմաթիվ կազմակերպություններ անցել են աշխատանքի հեռահար ռեժիմի:

Մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում այսօր անցորդները սովորականից քիչ են, իսկ այն փողոցները, որոնք աշխատանքային օրերին սովորաբար խցանված էին լինում, համեմատաբար ազատ են:

Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունն արգելում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը։ 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումները նույնպես արգելվում են, այդ թվում՝ ծննդյան, հարսանյաց, նշանադրության և թաղման միջոցառումները։

Կառավարության կողմից հանրային միջոցառում որակված այլ միջոցառումները նույնպես կարող են արգելվել։

Որոշ համայնքներում կարող է արգելվել հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի կենտրոնների գործունեությունը: Արտակարգ դրությունը կգործի մինչ ապրիլի 16-ը։

«Ազատությունը» քաղաքում զբոսնողներից մի քանիսին հարցրեց՝ արդյոք գիտե՞ն՝ ինչ չի կարելի անել:

«Չի կարելի մարդաշատ վայրեր այցելել, առանց դիմակ էլ շրջել չարժի», - ասաց անցորդներից մեկը:

«Արտակարգ դրություն է՝ տնից դուրս ենք գալիս միայն անհրաժեշտության դեպքում, գիտեմ, որ մարդաշատ վայրեր չի կարելի գնալ, ես հետևում եմ կանոններին», - նշեց մեկ այլ անցորդ:

Երեկվանից չեն գործում մի քանի խոշոր առևտրի կենտրոններ, այդուհանդերձ, «Փեթակ» կենտրոնի դռներն այսօր բաց էին։

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ առևտրի կենտրոնի տնօրենը հրաժարվում է փակել շուկան, իսկ առևտրականներն էլ բողոքում են տնօրենի որոշման դեմ՝ պահանջելով, որ շուկան փակվի:

«Ազատություն»-ը գնաց «Փեթակ», այդ պահին թեև առևտրի կենտրոնը բաց էր, այդուհանդերձ, տաղավարներից շատերը չէին աշխատում։

Երեկ, երբ կառավարությունում, իսկ հետո Ազգային ժողովում քննարկում էին արտակարգ դրություն մտցնելու հարցը, շատերը խոսում էին սուպերմարկետներում մեծ հերթերի և մեծաքանակ առևտրի մասին։ Սուպերմարկետներից մեկում ասացին՝ երեկ առևտուրը սովորականից աշխույժ էր, մենեջերի գնահատմամբ, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հաճախորդները տարակուսած էին, սակայն հիմա ամեն ինչ հանգիստ է։

«Ժողովուրդը հիմա ավելի ուղղակի հետևում են իրենց հիգիենային, բոլորը հիմնականում դիմակներով են, ձեռնոցներով են, և դա վկայում է հաճախորդների զգոնության մասին», - ասաց սուպերմարկետի աշխատակիցը:

«Ազատության» հարցին էլ, թե սովորաբար ի՞նչ են գնում, մենեջերը պատասխանեց. «Հիմնականում հիմա առնում են էն ապրանքները, որոնք մի քիչ երկար երևի կպահպանվի, պահածոյացված կլինեն, կրուպեղեն, հիմնականում էդպիսի բաներ, բայց առօրյա նաև առևտուրներ ունեն, որոնք գալիս են ընդամենը մեկ հացի համար»:

Մենեջերի խոսքով՝ երեկ իրենց առևտրաշրջանառությունը 20 տոկոսով ավելի է եղել։

Երևանի մեկ այլ սուպերմարկետում էլ վստահեցնում են՝ որևէ արտառոց բան չկա, առևտուրը կազմակերպված է. «Ոչ մի ապրանքային դեֆիցիտ, ոչ մի արտառոց հերթեր, նման իրավիճակ մեզ մոտ չի եղել, չի ֆիքսվել»:

Սուպերմարկետի տնօրենի խոսքով՝ սրահն ամբողջովին ախտահանված է, հետևում են հիգիենայի բոլոր կանոններին, այս օրերին էլ սովորաբար ավելի շատ նպարեղեն են գնում:

«Ամանորին իրականում շատ ավելի վատ է վիճակը, քան էս պահին: Առնում են բացառապես ամեն ինչ՝ պահածոներ տեղական արտադրության, խտացրած կաթեր ներմուծված, նպարեղենի ամբողջ շարքը, երշիկներ», - ասաց տնօրենը:

Չնայած տնօրենն իրենց սուպերմարկետում որևէ արտառոց բան չի նկատել, այդուհանդերձ, երեկ ժամը 18-ին կաթնամթերքի դեֆիցիտ են ունեցել:

XS
SM
MD
LG