Մատչելիության հղումներ

Երևանը կորոնավիրուսի ժամանակ՝ տրանսպորտից մինչև տոնավաճառներ


Չնայած երթևեկությունը Երևանում անհամեմատ թեթևացել է, այնուամենայնիվ, քաղաքի մարդաշատ վայրերից շատերն այսօր ցերեկվա ժամերին կրկին մարդաշատ էին, ինչպես օրինակ` Գարեգին Նժդեհի հրապարակը։ Անցորդներից ոմանք չէին էլ պատկերացնում՝ ինչպես կարելի է տնից դուրս չգալ։

«Շատ լավ է, ի՞նչ է եղել որ, պանիկա պետք չի, ամեն ինչ նորմալ է», - ասաց անցորդներից մեկը: Մյուսն էլ նշեց. - «Լավ է իհարկե, որ մարդաշատ է, լավ է, որ կյանքը եռում է: Մի 15 օր առաջ Կանադայից եմ եկել, մեզ մոտ` Հայաստանում, ամեն ինչ նորմալ է, ու այս ամեն ինչը շատ ավելի լավ է կանտրոլի տակ պահվում, քան աշխարհում»:

Երրորդն էլ հավելեց. - «Ո՞նց կարելի է տանը մնալ ընդհանրապես, հո՞ սոված չենք մնա, մենակ տունը ո՞նց կարաս մնաս, մարդկանց եմ տեսնում»:

Երեկ քաղաքի աշխույժ անցուդարձը նկատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան քաղաքում շրջելիս, տարակուսելով ասաց, որ անգամ չգիտի` դա լա՞վ է, թե՞ վատ։ Այս հարցի պատասխանը դեռ չեն տվել արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այնուամենայնիվ, քաղաքում շատերն էլ համարում են՝ պետք է տնից հաճախ դուրս չգալ հնարավորության դեպքում, ցանկալի է պահպանել հաստատված կանոնները, ասաց անցորդներից մեկը. - «Ցանկալի է, որ պահպանենք, եթե հաշվի առնենք խանութները, դե ոնց էլ լինի միաժամանակ մեկ էլ տեսնում ես հերթի տակ 20-ից ավելի ժողովուրդ կարող է կանգնած լինի»:

Սուպերմարկերտների վերաբերյալ այս հարցին այս օրերին որևէ մեկը չի անդրադարձել՝ կարելի է՞ կուտակումներ մթերքի խանութների ներսում, թե՞ ոճ։ Թեժ ժամերին սուպերմարկերտների դրամարկղերում անգամ հերթեր են, ցերեկը` համեմատաբար հանգիստ։

«Սահմանափակում չենք արել, նման հրաման էլ չի եղել», - ասաց Լևոն Ուդումյանը:

Ի դեպ, վաճառվող սննդի, ինչպես նաև գնորդների պակաս ո՛չ սուպերմարկետի պահոցներում, ո՛չ հարակից մրգի ու բանջարեղենի խանութում չկար. - «Չի նկատվել ավելի, թե պակաս, մենք մեր առօրյայի նման», - ասաց վաճառողներից մեկը:

Հաճախորդների պակաս միանշանակ կա սնունդ վաճառող կետերում, սրճարաններում ու ռեստորաններում։

«Եթե սենց շարունակվի, հնարավոր է` մոտակա ժամանակ փակվի», - ասաց սննդի կետերից մեկի աշխատակիցը:

Քաղաքի բանուկ հատվածներից մեկում՝ Սարյան փողոցում, այսօր լռություն էր։ Ռեստորանների ու գինետների մի մասը պարզապես չէր էլ բացվել։ Մյուսներն ասացին` դռները չէին փակել, որ Երևանի հատուկենտ ու մոլորված զբոսաշրջիկները գնալու տեղ ունենան։ Որոշ ռեստորաններ էլ անցել են միայն առաքումների։

«Մենք որոշեցինք փակել, այսինքն` սահմանափակել մեր սերվիզը, մենք այս պահին կազմակերպել ենք մեր ամբողջ մենյուի առաքում մեր ուժերով, հիմա աշխատում ենք, որ ստեղծենք ուրիշ տեսակ ուտեստներ, որոնք տանն ավելի հեշտ կարելի է վերամշակել և տանը ինչ-որ պահածոներ ունենալ: Դրա վրա ենք աշխատում», - պատմեց ռեստորաններից մեկի տնօրեն Նատալյա Անտոնյանը:

Որոշման պատճառը ոչ միայն հաճախորդների թվի կտրուկ անկումն էր, այլև մտավախությունը, թե կարող են նպաստել վիրուսի տարածմանը։

Փակ են նաև Երևանի մեծ առևտրի կենտրոնները՝ մոլերը, ինչպես նաև «Երևան տոնավաճառը»։ Այլ տոնավաճառներ, սակայն, բաց էին։ Փակ տարածքում տեղակայված և լավ չօդափոխվո «Փեթակ» առևտրի կենտրոնը եթե այսօր չէր գործում, ապա վաղը պատրաստվում է բացվել, ասացին աշխատողները չկարահանվելու պայմանով։ Հարևանությամբ գործող «Սուրմալու» տոնավաճառը մասամբ բաց էր:

«Գնորդները ընդամենը մի 2 բան են առնում, ավել բան չեն առնում, առածները կա՛մ ձեռնոց է լինում, կա՛մ շնչադիմակ, կա՛մ էլ զուգարանի թուղթ», - ասաց առևտրականներից մեկը:

Վաճառողների մեծ մասը պնդում էր՝ ղեկավարությունը տոնավաճառը փակելու որոշում պետք է կայացնի, իրենք էլ ստիպված չեն լինի առանց նորմալ առևտրի վճարել վարձակալության գումարները. - «Որովհետև ասենք հիվանդությունը չի՞ գալիս այստեղ, ի՞նչ կապ ունի` շուկան բացօթյա է, թե փակ: Մեզ ոչ մեկը չի ասել` մի բացեք, տեղի փողը մի տվեք, մենք էլ որ չբացենք, տեղի փողը չտանք»:

Արտակարգ դրության պարեկատան կողմից չկա նաև կարգավորում տրանսպորտի վերաբերյալ՝ մեծ ավտոբուսներում կարո՞ղ են միաժամանակ 20 և ավելի ուղևորներ լինել, թե՞ ոչ։ Այսօր երեկոյան Բժշկական համալսարանի կանգառով անցնող երթուղային տաքսիները գրեթե կիսադատարկ էին, ավտոբուսները՝ մարդաշատ։ Ճանապարհային ոստիկանությունն այսօր հանրային տրանսպորտի վարորդներին զգուշացրել է՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել, ասում են՝ ծառայության ընթացքում նաև խախտումներ են հայտնաբերել:

XS
SM
MD
LG