Կորոնավիրուսի տարածումը շարունակվում է
Մարտի 4-ի ամփոփիչ տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մոտավորապես 3 հազար 200 մարդ է մահացել, 90 հազար վարակվածներ կան։ Բոլոր դեպքերի մեծ մասը՝ վարակի օջախ Չինաստանում։
Իտալիա և Իրան. Չինաստանից հետո այս երկու երկրները ամենաշատն են վարակված կորոնավիրուսով։ Իտալիայում մահվան դեպքերն անցել են 100-ը՝ 107 զոհ։ Կառավարությունը որոշել է մինչև մարտի 15-ը փակել դպորցները և համալսարանները, ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ մինչև ապրիլի 3-ը ֆուտբոլային խաղերն անցկացվելու են առանց հանդիսատեսի։
Իրանում ևս կորոնավիրուսի դեպքերը շարունակում են աճել։ Մարտի 4-ի տվյալներով՝ արդեն 92 մարդ է մահացել, վարակվածների թիվն անցել է 2 հազար 800-ը, մեկ օրում 550 հիվանդ ավելացել է։ Վարակվածների շարքերում են խորհրդարանի 23 պատգամավորներ, Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը, առողջապահության փոխնախարարը, մահացել է Իրանի հոգևոր առաջնորդի ավագ խորհրդականը։ Այսօր Իրանը ևս հայտարարեց, որ մինչև մարտի 20-ը փակում է դպրոցները և համալսարանները։
Կորոնավիրուսի շատ դեպքեր են արձանագրվել նաև Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Ճապոնիայում նույնիսկ քննարկվում է ամռանը Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը, բայց կառավարությունը դա անընդունելի է համարում։
Աշխարհի տարբեր վայրերում արձանագրվող նոր դեպքերը վկայում են, որ վիրուսի տարածումը շարունակվում է։ Այսօր նաև Հունգարիան, Բոսնիա և Հերցեգովինան հայտարարեցին առաջին հաստատված դեպքերի մասին։ Բոսնիա և Հերցեգովինայում սերբական տարածքի բնակիչներից մեկը Իտալիա էր գնացել, վերադարձից հետո նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, վարակված է նաև նրա տղան։
Տաջիկստանում չնայած կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, այնուամենայնիվ, Դուշանբեի մզկիթները հավատացյալներին հորդորել են չգալ ուրբաթօրյա նամազին։
Սաուդյան Արաբիան օտարերկրացիների և իր քաղաքացիների համար ժամանակավորապես դադարեցնում է ուխտագնացությունը մահմեդականների սրբավայր Մեքքա։
Ղազախստանը փակել է Կասպից ծովի իր երկու նավահանգիստները՝ կանխելով Իրանից և Ադրբեջանից ուղևորների մուտքը երկիր։
Միացյալ Նահանգներում Կալիֆորնիայի նահանգապետն արտակարգ իրավիճակ է հայտարարել։ ԱՄՆ-ում մինչև հիմա առնվազն 10 մարդ է մահացել։
Կորոնավիրուսն ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության վրա
Կորոնավիրուսն ուղղակի ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության վրա. միջազգային շուկաներում ակցիաների գներն ընկնում են, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան ասել է, որ 2020-ին կանխատեսված տնտեսական աճի հույսերը հօդս են ցնդում կորոնավիրուսի պատճառով, և հավանաբար 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո կգրանցվի տնտեսական աճի ամենացածր մակարդակը։
Ըստ Միջազգային ավիատրանսպորտային ընկերակցության գնահատման, կորոնավիրուսի պատճառով ավիաընկերություններն այս տարի ավելի քան 110 միլիարդ դոլարի վնասներ կկրեն։ ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը հաղորդում է, որ որոշ պարենամթերքի գները 4 ամիս շարունակված աճից հետո՝ փետրվարին ընկել են պահանջարկի նվազման պատճառով։