Իտալիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի՝ «Serie A»-ի ակումբների ներկայացուցիչները այսօր Հռոմում հանդիպել են՝ քննարկելով կորոնավիրուսի ազդեցությունը ֆուտբոլային խաղերի ժամանակացույցի վրա:
Մտահոգություններ կան, որ կորոնավիրուսի պատճառով առաջնությունը հնարավոր է չավարտվի: Առնվազն մեկ տասնյակ հանդիպում հետաձգվել է և պետք է տեղի ունենա առաջնության վերջին երկու շաբաթների ընթացքում:
Իտալիայում մարզական զանգվածային միջոցառումները արգելված են երեք նահանգներում և երկու շրջաններում: Տարբերակ կա ֆուտբոլային խաղերն անցկացնել առանց հանդիսատեսների, բայց թիմերը գերադասում են չդիմել այդ քայլին:
Առանց հանդիսատեսի միակ հանդիպումը ՈւԵՖԱ-ի շրջանակներում անցկացվել է Եվրոպայի լիգայի առաջնությունում Միլանի «Ինտեր» ու բուլղարական «Լյուդոգորեց Ռազգրադ» ակումբների միջև:
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղերը, որ պետք է տեղի ունենային մարտի 4-ին և 5-ին, անորոշ ժամկետով հետաձգվել են:
Մարտի 3-ի ամփոփիչ տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի, վարակված մարդկանց թիվը ավելի քան 2,5 հազար է: Եվրոպական երկրների շարքում Իտալիայում կորոնավիրուսի հետևանքներն ամենավատն են: