Նոր կորոնավիրուսի տարածումը Չինաստանում դանդաղում է և տեղափոխվում արևմուտք՝ Մերձավոր Արևելք, Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Վարակի ակտիվ օջախներ են գործում Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում:
Իրանը երեկ հաղորդեց հաստատված 2 հազար 336 դեպքի և 77 զոհի մասին: Վարակված են Իրանի 23 խորհրդարանականներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես ազատ են արձակում տասնյակ հազարավոր բանտարկյալների՝ փորձելով կանխել կորոնավիրուսի տարածումը:
Իտալիայում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 79-ի:
Հարավային Կորեայում, վերջին տվյալներով, հաղորդվում է 5 հազար 328 դեպքի մասին:
Ուկրաինան և Մարոկոն երեկ հայտնեցին վարակի առաջին դեպքերի մասին: Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իսպանիայում:
Ամբողջ աշխարհում ավելի քան 93 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 3 հազար 203 մարդ մահացել է: Չինաստանին բաժին է ընկնում նրանց 95 տոկոսը:
Վարակվածներից մոտ 51 հազարն արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից, տվյալ պահին վարակակիրների թիվն աշխարհում 39 հազար է, որից 27,5 հազարը՝ միայն Չինաստանում։
ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 100 մարդ վարակված է առնվազն 15 նահանգում: Մահացության դեպքերը գրանցվել են Սիեթլում և Վաշինգտոնում:
Միացյալ Նահնագների Դաշնային պահուստային համակարգն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` կորոնավիրուսի բռնկման ռիսկերի ֆոնին տնտեսությունը խթանելու համար:
Հայաստանում այս պահի դրությամբ կա վարակի հաստատված միայն մեկ դեպք՝ վիրուսը հայտնաբերվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։