Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի չորրորդ դեպքը։ Ինչպես այսօր առավոտյան հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամքրելիձեն, վարակը հայտնաբերվել է կիրակի օրը Իտալիայից վերադարձած Վրաստանի քաղաքացու մոտ։
«Նա երկիր էր վերադարձել գործնականում առանց ախտանշանների, ավելի ուշ բարձրացել է ջերմությունը, և նա ինքն էլ դիմել է ինֆեկցիոն հիվանդանոց», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է Գամքրելիձեն։
Հիշեցնենք, Վրաստանում կորոնավիրուսի առաջին երեք դեպքերն արձանագրվել են անցած շաբաթ՝ երկուսը՝ Իրանից, մեկը՝ Իտալիայից վերադարձած քաղաքացիների մոտ։ Վարակվածները Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում են, նրանց վիճակը կայուն է, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։