Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգելու առաջարկը միանշանակ չի ընդունվել


Ճապոնիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն մարտի 3-ին ասել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիրը հնարավորություն է տալիս խաղերը հետաձգել մինչև տարեվերջ, քանի որ պայմանագրում նշված է, որ դրանք անցկացվելու են 2020 թվականին:

Ըստ գրաֆիկի՝ Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիհիդո Սուգան մարտի 4-ին ասել է, թե կառավարությունը շարունակում է Օլիմպիական խաղերը հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքները:

Բոլոր դեպքում խաղերը հետաձգելու, չեղարկելու որոշում կարող է ընդունել միայն Միջազգային օլիմպիական կոմիտեն:

ՄՕԿ-ի մամուլի խոսնակ Մարկ Ադամսը մարտի 3-ին հայտարարել է, որ խաղերն անցկացվելու են ըստ նախատեսված գրաֆիկի: Նա նշել է, որ անգամ ճամփորդությունների արգելք չկա, ու համաճարակ չի հայտարարվել: Ամեն դեպքում նա ընդունել է, որ որոշ բարդություններ կան, բայց համատեղ աշխատանքներ են տարվում մրցումները կազմակերպելու համար:

Ճապոնիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են հազարի, բայց դրանց մեծ մասը Յոկոհամայի նավահանգստում կայանած Diamond Princess զբոսանավի ուղևորներն են:

XS
SM
MD
LG