Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատում կոնկրետ քաղաքական շրջանակների սպասարկմամբ հայտնի անձինք են. իշխանական պատգամավոր


«Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյան
«Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամի լիազորությունների դադարեցման հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական ճակատը թափուր չի մնա։ 61 իրավաբանից ձևավորված նախաձեռնությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ճակատ ձևավորելու հայտ ներկայացրեց։

Նախաձեռնող խմբից «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանի հիմնավորմամբ՝ հանրաքվեն հակասահմանադրական է, բայց պետական շահն է պարտադրել «Ոչ»-ի տեղը զբաղեցնել. - «Մեր պետության համար, մեր պետական շահի տեսանկյունից մենք շատ ավելի մեծ վնասներ և կորուստներ կունենանք, եթե, բացի հակասահմանադրականությունից, խնդիր հարուցի նաև այս գործընթացի արդարացիությունը։ Մենք պետք է հնարավորություն տանք այն մարդկանց, որոնք ասելիք ունեն, այդ ասելիքը ներկայացնեն, և հնարավորություն տանք այն մարդկանց, ովքեր վերահսկողություն իրականացնելու ցանկություն և հնարավորություն ունեն, այդ հնարավորություններից օգտվեն»։

Ռուբեն Մելիքյանի խոսքով, «Ոչ»-ի քարոզչությունը իրավական բովանդակությամբ է լինելու։ Իրենք քաղաքական գործիչներ չեն և մտավախություն չունեն, որ այս մասնակցությամբ կլեգիտիմացնեն իր խոսքով՝ հակասահմանադրական գործընթացը. - «Այստեղ լեգիտիմության խնդիր մեր մասնակցությամբ չենք տեսնում։ Իրավաբանների համար լեգիտիմություն-ոչ լեգիտիմությունը չէ, իրավաչափությունը-ոչ իրավաչափությունն է, և իրավաբանության մեջ չկա այնպիսի կանոն, որ եթե դու ինչ-որ գործընթացի մասնակցում ես, դրանով դու իրավաչափ ես դարձնում ոչ իրավաչափ գործընթացը։ Այո, հնարավոր է, որ մենք տարբեր քաղաքական ուժերի, նրանց հայտով, տրամադրենք հնարավորություն, օրինակ, նույն անվճար եթերի։ Հենց մեր խնդիրը դա է։ Որպեսզի մարդիկ, քաղաքացիները հասու լինեն ինչպես «Այո»-ն, այնպես էլ «Այո»-ն բացառող տարբերակներին»։

«Ոչ»-ի քարոզարշավի ձևաչափը դեռ քննարկվում է, հայտնի չէ մարզերում շրջայցեր կկատարեն թե ոչ։ Մելիքյանն ասաց, որ ակտիվ քարոզարշավի ցանկություն չունեն։ Հարցրինք՝ կաշկանդվա՞ծ են քաղաքացիների հետ շփվել ու պաշտպանել «Ոչ»-ը, հատկապես, որ իշխանականները հիմնավորում են, որ այս հանրաքվեն իշխանության վստահության քվեն է լինելու։

Մելիքյանի արձագանքը. - «Բայց ես երբեք չեմ ունեցել մարդկանց հետ շփվելու խնդիր։ Եվ վստահ եմ, որ այս ընթացքում առնվազն մի անգամ Արցախ կգնամ և ճանապարհին հաստատ քաղաքներից մեկում-երկուսում կկանգնեմ ու կփորձեմ պարզապես շփվել մարդկանց հետ։ Ես երբեք չեմ ունեցել խնդիր, և մեր խմբում գտնվող մարդիկ, վստահ եմ, որ որևէ մեկը քաղաքացիների հետ շփվելու խնդիր չունի։ Մենք որևէ մեկին չենք պաշտպանում և որևէ մեկի դեմ չենք պայքարում։ Սա Հայաստանի Հանրապետության համար պայքար է»։​

«Այո»-ի ճակատից իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ողջունում է «Ոչ»-ի ձևավորումը, բայց չի հավատում այն հավաստիացումներին, թե նրանց պայքարը քաղաքականացված չի լինելու. - «Երբ մենք նայում ենք այս իրավաբանների կազմը, ապա այնտեղ կոնկրետ քաղաքական շրջանակների սպասարկմամբ հայտնի, ժամանակին քաղաքական պաշտոններ զբաղեցրած անձինք են։ Օրինակ, Ռուբեն Մելիքյանը եղել է Հրայր Թովմասյանի տեղակալը, Էլինար Վարդանյանը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի է ներկայումս ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հոգեզավակը լինելով։ Գոհար Մելոյանը Հրայր Թովմասյանի բազմաթիվ սանիկներից մեկն է։ Արսենը Բաբայան կրկին զբաղեցրել է բավական բարձր պաշտոն Ազգային ժողովի աշխատակազմում, նաև որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայումս անցնում է մի քրեական գործով, որը վերաբերում է Հրայր Թովմասյանին»։

Ջուլհակյանը հակադարձեց նաև Մելիքյանի այն պնդումներին, թե պետական շահից դրդված են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ոչ ասում, - «Ի պաշտոնե մինչև հեղափոխությունը հնարավորություն ունեցել են Հայաստանի Հանրապետության պետական շահը պաշտպանելու և կարծես թե ձախողել են այդ վեհ առաքելությունը»։

«Ոչ»-ի ճամբարում քաղաքական ուժեր չկան։ Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը համարում է, որ Բարձր դատարանի դատավորներին հեռացնելու այս գործընթացը ինքնին հակասահմանադրական, և եթե քարոզչությանը պաշտոնապես մասնակցեն, կլեգիտիմացնեն այդ գործընթացը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG