Մատչելիության հղումներ

Իշխող մեծամասնությունը առաջարկում է դադարեցնել Հրայր Թովմասյանի և ՍԴ վեց անդամի լիազորությունները


Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունն վաղվա արտահերթ նիստից առաջ շրջանառության մեջ է դրել սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ։

Նախագծով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի վեց անդամների և նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Խոսքը նրանց մասին է, որոնք ընտրվել են մինչև գործող Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը։ Սա չի վերաբերում Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, որոնք դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։

«Սա Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծումներից է և ավելի վաղ պետք է արվեր», - ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ - «Կքննարկենք, թե սա՞ է արդյոք այն վերջնական իրավական ճանապարհը, որը որ վերջանական կլուծվի, բայց մի բան փաստ է, որ պետք է սա անեինք շատ ավելի շուտ։ Իսկ ես ավելի կողմնակից էի ավելի կոշտ և ավելի բիրտ քայլերի։ Խնդիրը, որ ասում էին լուծվելու է, լուծվելու է, փորձում ենք լուծել և լուծելու ենք։ Հանգուցալուծվելու է ամենաօրինական և միանշանակ արագ ժամանակահատվածում, որը որ հնարավոր է, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունը այլևս չենք կարող թողնել այն պարտիզանական փոքրիկ խմբակների գործունեությանը, որը որ դեռ կան»։

Նախագծում այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է հետևյալ կերպ. Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995 թվականի Սահմանադրությամբ, պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005 թվականի Սահմանադրությամբ նշանակվածները՝ մինչև 65 տարեկանը լրանալը:

Ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ, ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի, իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով:

«Հայաստանի Հանրապետության [իշխանության] երեք ճյուղերը եղել են զավթված նախկին իշխանության ներկայացուցիչների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և իրենց բեկորների կողմից։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ազատել է այդ ճիրաններից՝ ազատել է կառավարությունը, ազատել է Ազգային ժողովը, իսկ հիմա ազատելու է դատական համակարգը, և դրանով, կարծում եմ, ավարտին է հասցնելու հեղափոխությունը՝ լիարժեք», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ Ազգային ժողովի փոխխոսնակի, այս փոփոխության նպատակը Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամի հանգուցալուծումն է և 2015-ի փոփոխություններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումը. - «Խախտվել է այն ժամանակ, երբ որ Սահմանադրական դատարանին տրվել է լիազորություն լինել Հայաստանի Հանրապետության ժողովրդից բարձր։ Այսինքն, փաստացի իշխանությունը պատկանել է ոչ թե ժողովրդին, այլ տվել են Հրայր Թովմասյանին, իրեն էլ երեսուն տարով նշանակել այդ համակարգի ղեկավար»։

Ըստ նախագծի, Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:

Ավելի վաղ իշխող խմբակցության պատգամավոր Վահագն հովակիմյանը շրջանառության մեջ էր դրել սահմանադրական փոփոխությունների այլ նախագիծ, որով առաջարկում է թե՛ հանրաքվեի դրվող, թե՛ Ազգային ժողովում ընդունվող Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունել առանց Սահմանադրական դատարանի որոշման։ Այսինքն՝ Բարձր դատարանում նախագծերի սահմանադրականությունը որոշելը պարտադիր չդառնա։ Բացի այց, առաջարկում է, որ Ազգային ժողովի ընդունած սահմանադրության փոփոխությունները ԱԺ նախագահն այլևս չուղարկի Հանրապետության նախագահին՝ ստորագրման, այլ անձամբ հրապարակի:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ վաղը սպասվող արտահերթ նիստի օրակարգում երկու նախագիծն էլ ընդգրկվելու է. - «Հիմա խորհրդի նիստը կլինի քիչ անց, և մենք կիմանանք բոլոր մանրուքները միասին»։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն այս ճանապարհը համարում է անօրինական և վտանգավոր. - «Սա իրապես մեծ վտանգ է Հայաստանում իրավունքի գերակայության համար, և սա վատ նախադեպ կարող է դառնալ ապագայում ցանկացած նոր իշխանության համար՝ նույն ճանապարհով վտարել դատարանների դատավորներին և նշանակել իր համար նոր դատավորներ։ Եվ աշխարհի, Եվրոպայի խորհրդի գոնե անդամ պետություններում որտեղ որ նման բան է արվել, այդ պետությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Եթե ուզում են Հայաստանը լուրջ խնդիրների մեջ մտցնեն, մեզ հավասարեցնեն էսօր նման պրոբլեմների համար քննադատվող Ադրբեջանի մակարդակին, ինչ ասեմ, ուրեմն երկար չեն մտածել, խորը չեն մտածել, նաև չեն հասկանում, թե ինչ վտանգներով է հղի այս որոշումը»։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, այսպիսով իշխանությունը անձնական խնդիր է լուծում՝ փորձում է ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից. - «Որևէ դատավոր լինի, որևէ մեկի և անգամ ամբողջ այդ դատարանի արժեքը չի կարող լինել այնքան, որի դիմաց նման փոխզիջումների գնա պետությունը։ Այսինքն՝ զիջի իրավունքի գերակայության սկզբունքը՝ հանուն անձնական խնդիրներ լուծելու»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG