Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց Վերարտադրողական առողջության կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու գործով դատական նիստը։
Ապացույցների հետազոտման փուլում տեսանկարահանումը դատարանի դահլիճում արգելված է. փակ նիստում ցուցադրվում են փոխնախարարի կաբինետում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած գաղտնի նկարահանումները, երևում է, թե ինչպես է Ռազմիկ Աբրահամյանը ծրար թողնում փոխնախարարի սեղանին, որում ինչպես հետո է պարզվում 3 հազար դոլար է՝ 30 հատ հարյուրանոց։
Ի դեպ, նախկին փոխնախարարն իրեն առաջադրված մեղադրանքը՝ հովանավորչություն ցուցաբերելու դիմաց կաշառք ստանալը, չի ընդունում, գործի մանրամասներին գերադասում է չանդրադառնալ. - «Ես ևս մեկ անգամ եմ ասում, որ չեմ մեկնաբանում ոչինչ»։
Արսեն Դավթյանը փոխնախարար էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ վարչապետի որոշմամբ։ Մեկ տարի անց ձերբակալավեց կաշառքի գործով։ Նա համակարգում էր նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորումը, և, ըստ գործի նյութերի, Ռազմիկ Աբրահամյանը 3 հազար դոլարով ծրարը նրա սեղանին է թողել՝ իր ղեկավարած բուժհաստատության ֆինանսավորումն ավելացնելու հույսով։ Դատարանում հրապարակված ԱԱԾ-ի տեսանյությում փոխնախարարն ասում է, թե տեղյակ չի եղել, որ ծրարում փող է, պատռել ու նոր է տեսել։
Դատարան հրավիրված վկաներին դատարանը չհասցրեց լսել, նիստը հետաձգվեց։
Վկաներից Առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Դավթյանի հետ աշխատել է, եղածն իր համար անակնկալ էր։
«Ես ուզում եմ մտածել, որ չկա նման բան», - հավելեց Վարդանյանը։
Առանձնապես խոշոր չափի կաշառք տալու մեջ մեղադրվող Ռազմիկ Աբրհամայնանը նույնպես հրաժարվեց հարցերի պատասխանել՝ ասելով, թե վատառողջ է։
Աբրահամյանը մեղադրյալ է նաև երեխաների ապօրինի որդեգրման գործով։ Երկու օր առաջ դատարանը չբավարարեց դատախազության բողոքը, և Աբրահամյանը չկալանավորվեց։ Նրա Փաստաբան Դիլբանդյանը նշեց, որ իր պաշտպանյալը առողջական ծանր վիճակում է, և այդ փաստը հավաստող մի շարք փաստաթղթեր են ներկայացրել դատարանին։
Աբրահամյանի մասնակցությամբ դատական բոլոր նիստերին դատարանի բակում, միջանցքում, դահլիճում հավաքվում են «Հայոց մայրեր» շարժման կանայք։ Նրանք պահանջում են իրենց երեխաներին, պնդում են, որ նրանց որդեգրման հասցեները գիտի Ռազմիկ Աբրահամյանը։