Մատչելիության հղումներ

Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ


Ռազմիկ Աբրահամյան, արխիվ
Ռազմիկ Աբրահամյան, արխիվ

Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության բողոքը։

«Բողոքը մերժվեց, առաջին անտյանի դատական ակտը թողնվեց ուժի մեջ», - ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

Առաջին ատյանի դատարանը Դավիթ Բալայանի նախագահությամբ դեկտեմբերին մերժել էր Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ։ Այս որոշումն էլ բողոքարկում էր դատախազությունը, և Աբրահամյանը չկալանավորվեց։

Նրա փաստաբան Սամվել Դիլբանդյանը տեղեկացրեց՝ դատարանին էին ներկայացվել բժշկական բազմաթիվ փաստաթղթեր, որ վկայում են՝ 77-ամյա մեղադրյալը առողջական ծանր վիճակում է։ Աբրահամյանն ինքը որևէ հարցի չպատասխանեց։

«Բավականին ծանր հիվանդություններ են, երեք անգամ սրտի օպերացիա է տարել, սուր ինսուլինային կախվածության մեջ է գտնվում, էս վերջերս նաև ինսուլտ տարավ՝ բոլոր էս ճնշումների, հոգեբանական ազդեցության տակ», - նշեց Դիլբանդյանը։

Փաստաբանի կարծիքով՝ Աբրահամյանին ազատազրկելը մարդասիրական քայլ չէր լինի։

Կալանքն անհրաժեշտ են համարում «Հայոց մայրեր» շարժման ակտիվիստները, նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են անում և այսօր էլ դատարանի բակում էին։ Պնդում են՝ տարբեր տարիներին ծննդաբերել են Հանրապետականում, իրենց երեխաներին վաճառել են։

«Իմ հարցը հենց անմիջապես սրա հետ ա կապված, 41 տարի է իմ էրեխուն տարել են, բա ես չիմանա՞մ ուր է իմ երեխան», - ասաց մայրերից Կարինե Սայադյանը։

Մայրերն ասում են՝ նախկինում չեն բարձրաձայնել իրենց կորցրած երեխաների մասին, որովհետև վախի մթնոլորտ է եղել կամ պայքարել են անօգուտ։

«Իմ երեխային պահել են հիվանդանոցում, հաճախորդ են գտել, գնորդ են գտել, երեխայիս վաճառել են», - նշեց հավաքվածներից Սյուզաննա Պատվականյանը։

Աբրահամյանը դատարան ելումուտի ընթացքում հընթացս լսում է այս պատմությունները, կարծում է, շարժումն ունի հովանավորներ։ Մայրերին համախմբող Հայկուհի Խաչատրյանը պնդում է՝ որևէ ֆինանսական աջակցություն որևէ տեղից չեն ստանում, ուզում են գտնել իրենց երեխաներին։

«Ես իմ երրորդ երեխային եմ ուզում, որը պետք է վերդարձնեք ու դադար չի լինելու էնքան ժամանակ, մինչև վերջին ատյանները։ Կլինի թեկուզ մինչև Հաագայի դատարան ես հասցնելու եմ», - ասաց նա։

Հայկուհի Խաչատրյանը Աբրահամյանին չկալանավորելու դատարանի վճռից դժգոհ էր, թեպետ շեշտեց՝ ուզում են, որ նա առողջ լինի։

«Իմ նպատակն էն ա, որ ինքն իրոք ողջ ու առողջ լինի, որ մեր երեխաների տեղն ասի, որովհետև եթե իրան մի բան պատահի, մենք չենք իմանա՝ ում դիմենք, ոնց հասնենք արդարության։ Մենք մեկ ա բողոքելու ենք, մեր ակցիաները շարունակելու ենք ու հասնելու ենք արդարության», - նշեց Խաչատրյանը։

Ռազմիկ Աբրահամյանն Իտալիա ապօրինի որդեգրումների գործով մեղադրվում է ծնողներից երեխային բաժանելու կամ փոխելու և առևտրային կաշառքի համար։ Մեղադրանքը նա չի ընդունում։ Քրեական այս գործը հետո ի հայտ եկած մայրերի պատմությունների հետ կապ չունի, ասում է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

«Էն կանայք, ովքեր որ ցուցմունք են տվել, իրենք հրաժարվել են էդ էրեխեքից։ Տենց բան գոյություն չունի, որ մորից էրեխուն բաժանես, տենց հասկացություն չի կարա լինի։ Իրենք տարբեր խնդիրներ են ունեցել իրենց անձնականով, և այդ խնդիրներից ելնելով իրենց երեխաներից իրենց կամքով հրաժարվել են։ Եթե այսօր էլ տանեն էդ էրեխեքին իրենց տան, էդ կանայք չեն վերցնի», - նշեց փաստաբանը։

Ինչո՞ւ են պատմությունները հյուսվում հենց այս ծննդատան շուրջ, փաստաբանն ասում է՝ այդտեղ է գործել բաժանմունք, որտեղ ծննդաբերել են, այսպես ասած, խոցելի կանայք՝ չհետազոտված, սեռավարակներով կամ 9 ամիս հղիությունը թաքցնելուց հետո։ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ ընդգծված էր՝ մայրերին հակել են հրաժարվել իրենց երեխաներից, փաստաբանը պնդում է՝ անհնար է։

«Եթե այդ մարդն 9 ամիս թաքցրել է ու հանկարծակի գալիս ու ասում է, որ «ուզում եմ ծննդաբերեմ» և այլն ու երեխայից հրաժարվում է, ուրեմն ինքը լուրջ խնդիրներ ունի», - ասաց Սամվել Դիլբանդյանը։

Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալները հինգն են Աբրահամյանն ու իր տեղակալ Ջերջերյանը, Մանկան տան տնօրենը և Երևանի երկու բնակչուհիներ։ Այս պահին կալանավորված է միայն Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանը։


XS
SM
MD
LG