Ձերբակալվել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Այս ձերբակալությունները օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործի շրջանակներում են:
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Ռազմիկ Աբրահամյանն ու մյուսները ձերբակալվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով:
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց՝ գործը վերաբերում է մի քանի երեխայի ապօրինի որդեգրմանը, որոնք տեղի են ունեցել 2016-2018 թվականներին:
Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերին հաղորդել էր, որ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների հետևանքով բացահայտել է օտարերկրացիների կողմից հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ այդմ, Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, օրենքի խախտմամբ կազմակերպել են 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները Իտալիայի քաղաքացիների կողմից:
Այսօր 3 ձերբակալվածներն էլ հարցաքննվել են: Դեռևս պարզ չէ՝ նրանք ընդունում են իրենց վերագրվող կասկածները, թե ոչ: Հանրապետական ծննդատան հանրային կապերի խորհրդատու Վարդուհի Սիմոնյանն «Ազատության» հարցին, թե հանրապետության գլխավոր մանկաբարձ գինեկոլոգն ընդունում է իրեն վերագրվող կասկածները, պատասխանեց. - «Ես մնացածը մեկնաբանել չեմ կարող, ես ասացի՝ որ պետական գերատեսչություններով է պրոցեսը ընթանում: Այս պրոցեսում ծննդատները որևէ մասնակցություն ունենալ չեն կարող: Մնացածը դա ԱԱԾ-ի հաղորդագրությունն է, և ԱԱԾ-ն պետք է մեկնաբանի, պաշտոնական հաղորդագրության մեջ երբևէ չի նշվել, որ խոսքը վերաբերում է այս կամ այն ծննդատանը: Մանկատներ հետագայում, եթե հիշում եք, ոստիկանության հաղորդագրությունում նշվեցին, ծննդատներ չի նշվել»:
Սիմոնյանը պնդում է՝ ծննդատունը որպես այդպիսին որևէ առնչություն չունի որդեգրումների հետ. - «Դա բարդ պրոցեդուրա է, մանավանդ դեպի դուրս կազմակերպվող, այսինքն՝ արտասահմանցու կողմից որդեգրվող երեխաները, և այնտեղ 10-ից ավելի գերատեսչություններ են մասնակցում պրոցեդուրային: Այսպես օրինակ՝ սկսվում է այդ պրոցեդուրան թաղապետարաններից, թաղապետարանը հետո դեպի մանկատուն է պրոցեսը գնում, մանկատնից հետո գնում է Սոցապնախարարության համապատասխան վարչություն, հետո Արդարադատության նախարարություն, դատարաններ»:
«Երևանի մանկան տնից» «Ազատությանը» փոխանցեցին, որ լրատվամիջոցներով են տեղեկացել իրենց տնօրեն Լիանա Կարապետյանի ձերբակալության մասին: Զրուցակիցն այլ տեղեկություն չփոխանցեց. - «Մենք լուրերով ենք տեղեկացել: Ես իրավունք չունեմ Ձեզ որևէ ինֆորմացիա տալու»:
Այս գործով ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել 43-ամյա մի կնոջ՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը կազմակերպելու համար: Հանրապետական հիվանդանոցի ձերբակալված տնօրեն, 76-ամյա Ռազմիկ Աբրահամյանն այլ գործով անցնում է որպես մեղադրյալ: Նա մեղադրվում է առողջապահության արդեն նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար: