Հանրապետության տարբեր մարզերից ավելի քան 200 մանկաբարձ-գինեկոլոգներ բաց նամակ են ուղարկել վարչապետին, նախագահին, խորհրդարանի ղեկավարին, գլխավոր դատախազին ու մարդու իրավունքների պաշտպանին։
Գրել են, որ անհանգստացած են Հայաստանում մանկաբարձության ու գինեկոլոգիայի հիմնադիրներից մեկի՝ իրենց սիրելի ուսուցչի ակադեմիկոս, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի պատվի ու հեղինակության համար։
Աբրահամյանը մեղադրյալ է ապօրինի որդեգրումների ու կաշառք տալու գործերով։
Մանկաբարձ գինեկոլոգները շեշտադրելով Աբրահամյանի ավանդը՝ նշել են, որ ապօրինի որդեգրումների գործի օբյեկտիվ և անաչառ քննությունը, վերջնական ճշմարտության բացահայտումը ուղղակիորեն կապված է բժիշկ-գիտնականի անվան հետ, նաև իրենց մասնագիտական պատվի, արժանապատվության ու բուժհաստատությունների բարի համբավի հարց է։
Նամակը ստորագրած գինեկոլոգներից Նունե Շահվերդյանը նշեց, որ քրեական այս պատմության պատճառով ոլորտում խորանում է անվստահությունը. - «Զավեշտալի պատմություններ են հնչում՝ 20 տարի առաջ երեխա եմ ունեցել, մահացել ա, ես էն ժամանակ հավատացել եմ, հիմա չեմ հավատում։ Թող ապացուցվի և պատժվի այն մարդը, որը իսկապես հանցանք է գործել»։
Շահվերդյանը շեշտում է, որ գործով պետք է զբաղվեն միայն իրավապահները, հանրային զգացմունքային պատմությունները, ասում է, չպետք է գործոն դառնան։ Հատկապես որ կա անմեղության կանխավարկած. - «Երբ որ պարոն վարչապետին Դավիթ Սանասարյանի մեղադրանքի վերաբերյալ կարծիք հարցրին, պարոն վարչապետը շատ գրագետ ձևով ասեց՝ ես չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը։ Ես ուզում եմ հասկանալ ինչո՞ւ են երկակի ստանդարտներ գործում. Դավիթ Սանասարյանը կամ նրա նման մեկ այլ քաղաքացի ունի՞ անմեղության կանխավարկած, իսկ բժշկագիտության դոկտոր-պրոֆեսորը, ակադեմիկոսը, բազում կյանքեր փրկած բժիշկը չունի՞ այդ կանխավարկածը»։
Մասնագետները ի պաշտպանություն Աբրահամյանի հրապարակած նամակում, ելնելով իրենց պրակտիկ գործունեությունից, վստահություն են հայտնել, որ Աբրահամյանին ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ։
Նունե Շահվերդյան. - «Եթե մեկը կարող է խախտել անմեղության կանխավարկածը, մենք էլ կարող ենք աջակցել մեր կոլեգային։ Վստահ լինելը քրեորեն հետապնդելի արարք չի»։
Նամակը ստորագրած մասնագետների ցանկում է նաև մանկաբարձ գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը։ «Ազատության» հետ զրույցում նա նախ շեշտեց, որ չի կարող աջակցել մարդուն, ով մեղադրվում է նման ծանր հոդվածներով։ (Աբրահամյանը մեղադրվում է ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում՝ երկու և ավելի երեխաների նկատմամբ:) Պողոսյանն ընդգծում է, որ այս գործի իրավական հանգուցալուծումը պետք է արագ տեղի կունենա, քանի որ, ասում է, մարդիկ մեղք են, վերջին տասնամյակներում ով երեխա է կորցրել, կարծում է, որ նա ողջ է ու ինչ-որ մի տեղ է. - «Մեղավոր է Ռազմիկ Աբրահամյանը, թե մեղավոր չի, դա պետք է որոշի դատարանը։ Եվ այդ հարցը պետք է լուծել, ինչքան շուտ, էնքան լավ։ Դուք պատկերացրեք, երեսուն տարվա ընթացքում Հանրապետական հիվանդանոցում ինչքան մայր է կորցրել երեխա։ Տարբեր պատճառներով՝ օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ։ Հիմա այդ բոլոր մայրերը կարծում են, որ իրենց երեխեքը կան...»
Վերջին ամիսներին համացանցը հեղեղված է իրենց երեխաներին փնտրող մայրերով և ծնողներին որոնող երեխաներով։ Հանրապետության տարբեր մարզերից, նաև արտերկրից տարբեր պատմություններ է հավաքել «Հայոց մայրեր» նախաձեռնության ղեկավար Հայկուհի Խաչատրյանը։ Ասում է, որ մոտ 500 նամակ է ստացել ՝ 100-ով իրավապահները զբաղվում են։
Նամակում գինեկոլոգները գրել են, թե սա բժշկական գիտելիքների հետ կապ չունեցող հոգեբանահուզական շարժում է։
Հայկուհի Խաչատրյանը հակադարձում է. - «Սա հոգեհուզական չի կարող լինել։ 1975 թվականին, երբ ես նույնիսկ ծնված չէի, դեպքերը լինում էին։ Ռազմիկ Աբրահամյանի պաշտոնավարման սկիզբն է դա։ Ես փաստացի ապացույցներ ունեմ»։
Խաչատրյանը ընդհանրապես չի հասկանում Աբրահամյանի բարի համբավը պաշտպանողներին. - «Ես նույնիսկ նրանց ուզում էի ասել՝ մինչ Աբրահամյանի օգտին խոսելը մտածե՞լ են, որ պաշտպանում են մի բժշկի, ով իրեն կիսահանցագործ է ճանաչում կաշառքի գործով։ Եվ արդյոք կարիք կա՞ հիշեցնելու, որ նշված պարոնը ով միայն կաշառքի գործով է քննվում, այլ նաև հայ երեխաների ապօրինի որդեգրումների գործով»։
Խաչատրյանի ու մանկաբարձ-գինեկոլոգների տեսակետները նույնն են մեկ հարցում՝ պետք է անաչառ քննություն։ Գինեկոլոգները ցանկանում են, որ այն որքան հնարավոր է շուտ եզրափակվի, ասում են՝ անվստահությունը ոլորտում այնքան է խորացել, որ բուժման տակտիկա ընտրելիս պացիենտին ստիպված են բացատրություններ տալ, համոզել, հորդորել։
Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալները հինգն են։ Նրանք բոլորն էլ առաջին ատյանի դատարանի վճռով կալանքից ազատ են արձակվել։