ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ազդեցիկ անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը զգուշացրել է՝ եթե նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր չճանաչվի, ապագա նախագահները կգործեն այնպես, կարծես իրենք նույնպես վեր են օրենքից:
Երեկ Սենատում Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությանը ներկայացրած փաստարկներում Շիֆն ասել է, որ նախագահի կողմից «պաշտոնի չարաշահումը և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելը մշտապես փոխելու է ուժերի հավասարակշռությունը կառավարման ճյուղերի միջև, դրդելով ապագա նախագահներին գործելու Կոնգրեսի վերահսկողությունից և օրենքից դուրս»:
ԱՄՆ նախագահն անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների տան կողմից իմփիչմենթի է ենթարկվել։ Թրամփը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար: Նա կտրականապես հերքում է մեղադրանքները:
Երեքշաբթի օրը Սենատը հաստատել է քննության ընթացակարգը, որին կողմ են քվեարկել միայն հանրապետականները՝ մերժելով դեմոկրատների բոլոր առաջարկները: Ըստ այդմ, կողմերից յուրաքանչյուրին 24 ժամ կտրվի սեփական փաստարկները ներկայացնելու համար, նոր վկաներ չեն հրավիրվի, նոր փաստաթղթեր չեն ուսումնասիրվի:
Բուն գործընթացը, ակնկալվում է, որ կավարտվի փետրվարի սկզբին:
Հաշվի առնելով հանրապետականների լուրջ մեծամասնությունը Սենատում՝ վերլուծաբանները համոզված պնդում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր չի ճանաչվի: