Մատչելիության հղումներ

Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով


ՔԿ ՀԿԳ քննության վարչության պետ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում, Երևան, 17-ը հունվարի, 2020թ.
ՔԿ ՀԿԳ քննության վարչության պետ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում, Երևան, 17-ը հունվարի, 2020թ.

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Խնդրում եմ՝ հոդվածին առերևույթ չխաբնվեք, որ եթե 110-րդ հոդված է, ունենք հետևյալ դեպքը՝ հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահի տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Հետագայում արդեն համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողություններով, որոնք պլանավորվում են, դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել», - նշեց Մելիքյանը։

Նա ասաց, որ քրեական գործն այս պահին հարուցվել է ձեռքի տակ եղած տվյալներով, փաստերով։ Մելիքյանն ընդգծեց, որ մի շարք զննություններ են արվել, իսկ տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրություններն արդեն խմբի քննիչների կողմից առգրավման պրոցեսում են։

«Հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։ Վաղն արդեն դատաբժշկական փորձագետների փորձաքննության արդյունքում ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, բնույթը», - ասաց նա։

Մելիքյանը նշեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ. «Մենք տեղում պարզել ենք՝ օրինական, պարգևատրման ճանապարհով ստացած իր զենքն է։ Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ այդ սենյակում, որտեղ որ դին հայտնաբերվել է։ Հայտնաբերվել են երեք, թե չորս տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ, բայց կոնկրետ, որ ասեմ՝ 51, 31 կամ 41, քանակով չեմ կարող ասել»։

Իսկ թե գնդակները արձակվել են հայտնաբերված զենքից, թե ոչ, Մելիքյանը նշեց՝ կարող են պարզել միայն դատաձգաբանական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք՝ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։

38-ամյա Գեորգի Կուտոյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցն էր: Նախագահի 2016 թվականի հրամանագրով փետրվարի 12-ին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին, և այդ պաշտոնից ազատվել էր 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո: Մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, Կուտոյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Երիտասարդ իրավաբանը հանրությանը հայտնի դարձավ 2011 թվականին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նշանակվեց Հանրապետության նախագահի օգնական: Գեորգի Կուտոյանը նաև 2013 թ. սեպտեմբերի 4-ին Նախագահի հրամանագրով ընդգրկվել էր Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում:

XS
SM
MD
LG