Կիրակի օրը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ այժմ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք։
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Կուտոյանը բացառիկ ազնվություն ունեցող մարդ էր, «որի խոսքը խոսք էր»։ «Գիտեք, հաճախ են լինում իշխանական օղակներում տարբեր տեսակի խարդավանքներ, ավելորդ խոսակցություններ և այլն։ Կուտոյանը շահեկանորեն տարբերվում էր, հատկապես իր վերջին զբաղեցրած պաշտոնում առանց որևէ հավելյալ շահարկման կամ իրականությանը չհամապատասխանող երևույթների էր աշխատում։ Դա ես տեսել եմ և համոզվել եմ», - նշեց Աշոտյանը։
Սգո սրահ եկավ նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն էլ 2016 թվականի փետրվարին նշանակել էր Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում։
Հոգեհանգստին ներկա էր Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Ցավում եմ։ Ես նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել», - լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախկին խոսնակը։
Երևանի նախկին քաղաքապետ հանրապետական Տարոն Մարգարյանն էլ էր այնտեղ։ «Շատ լավ մարդ, շատ լավ մասնագետ, իր մասնագիտությամբ փայլել է, և ցավ եմ ապրում դեպքի հետ կապված», - նշեց նախկին քաղաքապետը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Կուտոյանը մահացել է քունքի շրջանում հրազենային վնասվածքից, ԱԱԾ նախկին տնօրենի դին հայտնաբերել էր նրա կինը, ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Հոգեհանգստի արարողությանը մասնակցեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նա հայտնեց՝ լայնածավալ քննություն է ընթանում։ «Ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ ինքնասպանության մասին վկայող։ Բայց ամբողջ ուղղությամբ, բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի։ Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու, առավել ևս՝ քննության արդյունքների մասին, մենք բոլորս, անձամբ ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ», - լրագրողներին ասաց Դավթյանը։
ԱԱԾ նախկին տնօրենի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր։