Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» հայտնեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Դավիթ Խաժակյանն ասաց՝ ստացել է քննիչի որոշումը։ Նա չշտապեց գնահատական տալ, քանի որ 30-էջանոց փաստաթղթին ամբողջությամբ դեռ չի հասցրել ծանոթանալ։ «Ես այսօր ծանուցվեցի, որ քրեական գործի հարուցումը մերժվել է, որի հիմքերը ես ուսումնասիրում եմ։ Ինչ հիմքով են մերժել՝ այս պահին չեմ կարող ասել», - երկուշաբթի երեկոյան «Ազատության» հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Խաժակյանը տարեվերջին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա տեղակալ Հրաչյա Սարգսյանի լիազորություններն անցնելու և պաշտոնական կեղծիք կատարելու մասին։ «Լույս» խմբակցության ղեկավարը իրավապահներին հայտնել էր, թե քաղաքապետն արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում երկարաձգել է արձակուրդը հետին թվով, իսկ նրա պարտականությունները կատարել է օրենքով չնախատեսված անձ։ Հղում անելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին՝ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը պնդել էր, որ քաղաքապետի բացակայության ժամանակ նրան կարող է փոխարինել միայն առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, սակայն փոխարինել է մյուս տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչը նշանակում է՝ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները, և նրա ստորագրած շուրջ 70 իրավական ակտը առոչինչ են։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը փոխարինման իրավունք վերապահում է միայն քաղաքապետի առաջին տեղակալին, ինչը և հանդիսանում է քաղաքապետի առաջին տեղակալի առանձնահատկությունը՝ ի տարբերություն մյուս տեղակալների», - «Ազատությանը» ասաց Խաժակյանը՝ շարունակելով. - «Իմ պնդումները ոչ միայն հիմնավոր են, նաև հաստատվում են մի շարք փաստերով։ Անգամ այն անձինք, ովքեր կարող էին այդ հարցերի պատասխանները թեկուզ բանավոր տալ, նրանց մի մասը նույնիսկ չեն էլ կանչվել բացատրություն ներկայացնելու։ Ուստի սա ինձ համար տարակուսելի է, բայց մնացած հանգամանքները հընթացս կհասկանամ»։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ավելի վաղ Դավիթ Խաժակյանի պնդումներին արձագանքել էր՝ հորդորելով սպասել իրավապահների գնահատականին։