Մատչելիության հղումներ

Այսօր հրավիրվել էի ոստիկանություն. Դավիթ Խաժակյան


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատության» տաղավարում, 23-ը դեկտեմբերի, 2019թ.
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատության» տաղավարում, 23-ը դեկտեմբերի, 2019թ.

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ոստիկանության Կենտրոնի բաժնում է եղել: Այս մասին նա հայտարարեց այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ: Նա հիշեցրեց, որ 4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էր հաղորդում հանցագործության մասին, 1 շաբաթ առաջ նույնն արել էր գրավոր տեսքով:

Այսօր հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվել է, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել, իրենից ունեցած փաստաթղթերը չեն պահանջել:

«Այնպիսի տպավորություն էր, որ գործը սկսել են՝ առանց հասկանալու բուն խնդիրը, փորձելու պարզաբանելու», - ասաց Խաժակյանը՝ տարակուսանք հայտնելով նաև, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասին գործերը ՀՔԾ-ի փոխարեն ոստիկանությունն է ուսումնասիրում:

«Քաղաքապետի 2 կարգադրություն նույն բանի վերաբերյալ, նույն ամսաթվի տակ, մեկը ստեղծվել է, ենթադրում եմ, նոյեմբերի 4-ին կամ դրանից հետո՝ հետին թվով փաստաթուղթ, Մարությանի բացակայության ժամանակ, որը գունավորն է, թանաքային ստորագրամբ, մյուսը ինձ տրամադրված պաշտոնապես կարգադրությունն է, որի տակ արդեն Մարությանի գրիչային ստորագրությունն է՝ կրկին ամսի 17-ով: Եթե ուշադրություն դարձնեք թե ստորագրությունների տարբերությանը, թե ամսաթվերի ձեռագրային տեսքին, կհասկանաք, որ այս մասով նույն թուղթը 2 անգամ կեղծվել է, մի անգամ Մարությանի բացակայության ժամանակ, որպեսզի արձակուրդը երկարաձգվի, և լիազորությունները վերապահվեն մի անձի, ով իրավունք չունի քաղաքապետի լիազորությունները կատարելու, մյուս անգամ, երբ Մարությանի վերադարձել է, որպեսզի հետո չտան ֆաքսիմիլայինը, մարդիկ հարցնեն՝ բա, եթե դու էստեղ էիր, ինչու է ֆաքսիմիլով, արդեն անձամբ Մարությանն է ստորագրել, սա էլ պաշտոնական կեղծիքի երկրորդ դրվագը», - պատմեց Խաժակյանը:

Լիազորությունները այդ ժամանակ, ըստ Խաժակյանի, վերապահվել են փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, ով իրավունք չուներ այդ 70 և ավել իրավական ակտեր ստորագրել, ինչը պաշտոնեական լիազորությունների անցնել է:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ նման կեղծիք չի եղել: Խաժակյանն արձագանքեց, որ եթե որևէ մեկը իրեն բացատրի, թե գունավոր տարբերակի փաստաթուղթն ինչպես կարող էր լինել, ինքը կասի, որ ընդունում է քաղաքապետի ասածը:

Դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա, և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Այսօր կուսակցությունից հայտնեց, որ կուսակցության (ԼՀԿ) կառավարման խորհուրդը որոշել է՝ Դավիթ Խաժակյանը կշարունակի մասնակցել Երևանի ավագանու աշխատանքներին:

«Կա հռետորաբանությունների տարբերություն, և յուրաքանչյուրն էլ ունի տեղը գոյություն ունենալու, պարզապես մենք կրում ենք մեր հռետորաբանության պատասխանատվությունը, մեր արտահայտվելաձևի ու գերծելաոճի, տիկին Վարդանյանի ու տիկին Խաչատրյանի համար պատասխանատվությունն ու բեռը կրում է «Հանրապետություն» կուսակցությունը, աշխատանքը շարունակելու ենք բնականոն հունով», - ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստանը» պատասխանատու է լինելու միայն իր գործունեության համար:

Հարցին, թե մտածել է միայնակ շարունակել իր գործունեությունը, դուրս գալ կուսակցությունից, նա պատասխանեց. - «Սկզբունքային քաղաքական գործչի բնորոշող հատկություն է իր քաղաքական ուժին ու թիմին հավատարիմ գործունեություն ծավալելը, ինչ կարգավիճակում էլ, որ չհայտնվի այդ թիմը: Իմ քաղաքական ուժի հետ կարողանում եմ շատ արդյունավետ աշխատել, և ես կրում եմ իմ կուսակցության պատասխանատվությունը թե լավի, թե վատի համար»:

Ավագանու անդամն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանին նվիրատվություններին: «Ինչպե՞ս է ստացվել, որ բոլոր նրանք, ովքեր այդ նվիրատվությունները կատարել են, այս կամ այն կերպ քաղաքապետարանի պաշտոնական լիազորությունների հետ առնչություն են ունեցել: Ինչո՞ւ չեն ցույց տալիս մի կազմակերպության, ով գոնե 10 միլիոն դրամ և ավելի ծավալի նվիրատվություն է արել և որևէ շատ չի հետապնդել և որևէ առնչություն քաղաքապետարանի հետ չի ունեցել», - նկատեց նա:

Խաժակյանը նշեց, որ ինքը կարող է մատնանշել իրավապահներին տարբեր անուններ, որոնց նվիրատվությունների մեջ ինքը երկկողմանի շահ է տեսնում:

XS
SM
MD
LG