Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիքի մասին հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան, արխիվ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան, արխիվ

Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները մայրաքաղաքի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Ոստիկանություն` քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

«Լույս» խմբակցության ղեկավարն իրավապահներին էր դիմել՝ պնդելով, որ քաղաքապետը Հայկ Մարությանն արտերկրից երկարաձգել է արձակուրդը հետին թվով, նրա պարտականությունը կատարել է օրենքով չնախատեսված անձ, հետո արձակուրդի կարգադրությունն է փոխվել։ Ըստ Խաժակյանի, դատախազությունն այս ամենը պետք է ստուգեր։

Արձակուրդի թեման քաղաքապետի թիմը համարում է իրականության հետ կապ չունեցող արշավ։

Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քննարկում են Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից իրենց միակ կուսակցին՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:

«Լույս» խմբակցությունում «Լուսավոր Հայաստան»-ից միայն Դավիթ Խաժակյանն է, Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը «Հանրապետություն» կուսակցությունից են: Էդմոն Մարուքյանն ու կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը երեկ հայտարարեցին, որ Խաժակյանի կարևոր բացահայտումները ստվերվում են խմբակցության մյուս անդամների էմոցիոնալ ելույթների պատճառով։

XS
SM
MD
LG