Մատչելիության հղումներ

Խաժակյանը տարակուսում է՝ ինչո՞ւ են իրեն հրավիրել ոչ թե ՀՔԾ, այլ՝ ոստիկանություն


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան ասուլիսը, 23-ը դեկտեմբերի, 2019թ.
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան ասուլիսը, 23-ը դեկտեմբերի, 2019թ.

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում հայտարարեց, որ շաբաթներ առաջ ավագանու նիստում պաշտոնական լիազորություններն անցնելու մասին իր պնդումներից հետո, միայն դեկտեմբերի 23-ին է ոստիկանություն հրավիրվել: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի համար տարօրինակ է, թե ինչու են իրեն հրավիրել ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործերը քննող Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), այլ՝ ոստիկանություն։

«Հուսով եմ՝ մյուս անգամ, չգիտեմ, ասենք, մի ուրիշ ենթաբաժին չեն ուղարկի։ Եվ էստեղ կարևոր հարցադրում կա՝ այն մարդիկ, ովքեր պետք է քննեն այս գործը, առնվազն պետք է տիրապետեն Երևանի օրենքին, շատ ու շատ այլ հանգամանքների, որպեսզի կարողանան հասկանալ պաշտոնեական լիազորություններն անցնելը էստեղ որն է», - ասաց Խաժակյանը։

Նա շարունակում է պնդել, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն իրավունք չուներ փոխարինել արձակուրդում գտնվող քաղաքապետ Հայկ Մարությանին, իսկ քաղաքապետի լիազորությունները փոխքաղաքապետին ժամանակավորապես փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը, ըստ Դավիթ Խաժակյանի, կեղծված են:

«Երկու քաղաքապետի կարգադրություններն են՝ նույն համարի տակ, նույն ամսաթվի տակ, նույն բանի վերաբերյալ, մեկը ստեղծվել է, ենթադրում եմ, նոյեմբերի 4-ին կամ դրանից հետո հետին թվով փաստաթուղթ, Մարությանի բացակայության ժամանակ, որը գունավորն է, և կարող եք տակը տեսնել էդ ֆաքսիմիլ կոչվածը՝ թանաքային ստորագրությունը, և մյուսը արդեն ինձ տրամադրված պաշտոնապես կարգադրությունն է, որի տակ արդեն Մարությանի գրիչային ստորագրությունն է՝ կրկին ամսի 17-ով, և եթե ուշադրություն դարձնեք թե՛ ստորագրությունների տարբերությանը, թե՛ ամսաթվերի ձեռագրային տեսքին, կհասկանաք, որ էս մասով նույն թուղթը երկու անգամ կեղծվել է, մի անգամ՝ Մարությանի բացակայության ժամանակ, որպեսզի արձակուրդը երկարաձգվի և լիազորությունները վերապահվեն մի անձի, ով իրավունք չունի քաղաքապետի լիազորությունները կատարելու, մյուս անգամ՝ արդեն երբ Մարությանի վերադարձել է, որպեսզի հետո չտան ֆաքսիմիլայինը և մարդիկ հարցնեն՝ բա, եթե դու էստեղ էիր, ինչու է ֆաքսիմիլով, արդեն անձամբ Մարությանն է ստորագրել, սա էլ պաշտոնական կեղծիքի երկրորդ դրվագը», - մանրամասնեց ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ հավելելով. - «Հիմա, էս թղթերը ինձնից, զարմանալիորեն, ոստիկանությունը չուզեց»։

Դավիթ Խաժակյանի այս պնդումների վերաբերյալ քաղաքապետ Հայկ Մարությանը, օրերս պատասխանելով «Ազատության» հարցին, ասել էր՝ այդպիսի բան չկա, թող դրանով իրավապահները զբաղվեն: Իսկ Խաժակյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով Երևանին արված նվիրատվություններին, ասաց՝ իրավապահները նաև դրանով պետք է զբաղվեն, պնդելով, որ ինքը հստակ փաստեր ունի ու գիտի, թե քաղաքապետարանում որ պաշտոնյայի աշխատասենյակում ինչ է քննարկվել։

«Փող են մարդիկ փոխանցել, «Կամազ» չեն առել նվիրել, ժողովուրդ ջան։ Թող լսեն, գան ինձ հարցնեն։ Ես թղթեր ունեմ ձեռքիս տակ, որոնք էսօր չեմ ցույց տալիս, որովհետև հունվար ամսից սկսելու է գործել քննող հանձնաժողովը, էդ բոլոր թղթաբանությունները տվել եմ էս բանին։ Եվ էս թղթերը, որոնք ինձ տվել են, իրենց մեջ ևս կեղծիքի տարրեր են պարունակում։ Եթե դատախազությունը չի ուզում սա քննի, իրենց գործն է։ Թող ինձ չասեն, որ սա եղել է կամավոր, որովհետև ես գիտեմ՝ ում կաբինետում է դա քննարկվել, ով է սկզբում մերժել, հետո ով է ասել՝ լավ, արի դա քեզ կտրամադրենք, ինչ ժամանակագրություն է եղել ԱՊԶ-ից մինչև շինթույլտվություն», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ շարունակելով. - «Հիմա, եթե իրենք ոնց որ Ալեքսանյանի պարագայում ասեցին՝ չէ, չկա, հետո պարզվեց, որ Ալեքսանյանը կա, սա էլ է պարզվելու, ինձ ժամանակ տվեք»։

«Հայկ Սարգսյանի՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի կաբինետում է սա եղել, ով ֆինանսական պատասխանատու հանդիսանալով՝ նման քննարկումներ իրականացնելու ընդհանրապես լիազորություն չուներ։ Կոմունալ բլոկի պատասխանատվությունն էլ դրած է Հրաչյա Սարգսյանի վրա։ Հիմա կամերաներ կան, բաներ կան, գնացեք էդ մարդկանց հարցրեք՝ շփվել ե՞ք Հայկ Սարգսյանի հետ, եթե ասեն՝ այո, հարց առաջանում է՞՝ դուք ի՞նչ գործ ունեք ֆինանսական պատասխանատուի հետ նման՝ նվիրատվություն, շինթույլտվություն, էս հարցերն եք քննարկում», - ընդգծեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Խաժակյանի այս հայտարարությունների վերաբերյալ օրվա ընթացքում «Ազատություն»-ը կփորձի նաև քաղաքապետարանից արձագանք ստանալ:


XS
SM
MD
LG