Մատչելիության հղումներ

Խաժակյանը հայտարարում է՝ քանդվում է քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքների կծիկը


«Կոռուպցիոն գործարքներ, որով պետք է զբաղվեն իրավապահները», - այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հրապարակելով իր ձեռքի տակ հայտնված քաղաքապետարանի որոշ փաստաթղթեր։ Դրանցից մեկն առնչվում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող տարածքին, և ինչպես պնդում է ավագանու ընդդիմադիր անդամը, սա մի գործարք է, ինչի դիմաց քաղաքապետարանը նվեր է ստացել աղբատարներ։

«Եթե մենք նայենք ժամանակահատվածները, կտեսնենք, որ քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23-ին և դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ քաղաքապետարանը ստացել է նաև աղբատար մեքենաները և որի արդյունքում իրականացվել է այս ինքնակամ կառույցի սեփականաշնորհումը», - ասաց Խաժակյանը:

Ըստ այդմ, քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 4-ին որոշում է կայացրել մայրաքաղաքում 0,6 հեկտար տարածքում գտնվող ինքնակամ շինության օրինականացման մասին։ Այս տարածքը, ըստ Խաժակյանի, պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։

«Եվ ի՞նչ է պարզվում, որ քաղաքի կառուցապատումը, քաղաքաշինությունը կրկին վերածվել է առևտրի», - նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը:

Երեկ տևական քննադատությունից հետո քաղաքապետարանը հրապարակեց 21 աղբատարների նվիրատուների ցանկը: Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, օրինակ, 14 աղբատար նվիրել է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, 3 հատ՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս ցանկը, ըստ «Հետք»-ի, կապված է նախկին և ներկա պաշտոնյաների հարազատների հետ։ Օրինակ, «Ալեքս Հոլդինգ»-ը կապվում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Մինչ այս, քաղաքային իշխանությունները պնդում էին, որ Սամվել Ալեքսանյանն այս ցանկում չկա։ Եվ սրանից հետո խոսնակ Հակոբ Կարապետյանը երեկ ասել էր, թե քաղաքապետարանի խնդիրը չէ պարզելը, թե այս կամ այն կազմակերպության հետևում կանգնած է որևէ գործարար, թե ոչ:

Քանդվում է քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքների կծիկը, հայտարարում է Խաժակյանը։ Ավագանու «Լույս» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Խաժակյանը կասկածներ ունի, որ Սամվել Ալեքսանյանի կնոջ գործարքը հենց կոռուպցիոն է, քանի որ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր ահռելի տարածքի շինություններն օրինականացնել։ Մյուս կողմից էլ, ըստ Խաժակյանի, քաղաքապետն այս որոշումը ստորագրել է արձակուրդում գտնվելիս։

«Նոյեմբերի 4-ը, եթե բացեք մամուլը, այն ժամանակահատվածն է, երբ Հայկ Մարությանը չէր գտնվում երկրում, բացակայում էր քաղաքից և փաստորեն ստորագրվել է որոշում, որը, բնականաբար, եղել է իր գիտությամբ», - ընդգծեց Դավիթ Խաժակյանը:

Զանգահարեցինք Սամվել Ալեքսանյանին պատկանող հեռախոսահամարին։ Ծանոթ ձայնը, սակայն, պնդեց՝ Ալեքսանյանը չէ, այլ՝ նրա վարորդը․ «Պարոն Ալեքսանյանը չի, օգնականն ա՝ Արմանն ա»:

Խաժակյանի ներկայացրած մյուս գործարքն առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, այսօր մի շարք հոդվածներով մեղադրյալի աթոռին հայտնված Գագիկ Խաչատրյանին։ Ըստ Խաժակյանի, Խաչատրյանին պատկանող ընկերությունը Շիրակի փողոցում որպես նվեր քաղաքապետարանի աղբատար մեքենաների կայանատեղի է կառուցում, և սրա դիմաց նրան թույլ է տրվել Տերյան փողոցի վրա՝ Աֆրիկյանների տան վայրում նախկին 12-ի փոխարեն 22 հարկանի շենք կառուցել։

«Պարզվում է, որ Տերյան 5 հասցեում՝ Աֆրիկյանների տան համար նախնական շինթույլտվությունը եղել է 12 հարկի կառուցման համար, այնուհետև մեր քաղաքապետի թեթև ձեռքով այն հասցվում է 22 հարկի, փոխվում է, բարձրացվում է հարկայնությունը Հյուսիսային պողոտային կից տարածքում՝ բարձրացվելով հարկայնությունը հենց այս գործարքի դիմաց», - ասաց Խաժակյանը:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Խաժակյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է և իրականությանը չի համապատասխանում։ Հակոբյանը պնդում է՝ Տերյան փողոցի վրա բնակելի շենք կառուցելու թույլտվությունը տրվել է դեռ 2017-ին, երբ Մարությանը քաղաքապետ չէր։

«2017 թվականին, ներողություն, կարող եմ ամիսները շփոթել, հասկանալիորեն Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ չէր և այդ փաստաթղթի մեջ կառուցապատման թույլտվությունը տրվում է 75 մետր բարձրության վրա, ինչը համապատասխանում է 22 կամ 23 հարկին», - նշեց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 0,6 հեկտար տարածքի վերաբերյալ Խաժակյանի դիտարկումներին, քաղաքապետի խոսնակն ասաց՝ այն այժմ ուսումնասիրում են։ Բայց Խաժակյանի մյուս դիտարկումը՝ կապված Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգամոլ»-ի օրինականացման հետ կապված մութ գործարքին, ևս իրականության հետ աղերս չունի, պնդում են քաղաքապետարանում։

«Իմ ձեռքի տակ է «Մեգամոլ» զվարճանքի կենտրոնի շինարարության ավարտական ակտը, որը թվագրված է 2018 թվական սեպտեմբերի 20-ով, ինչպես հիշում եք, ավագանու ընտրությունները վերջին տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին, այսինքն «Մեգամոլ» կենտրոնի ավարտական ակտը, որը ստորագրվել է քաղաքապետի այն ժամանակվա պաշտոնակատար Կամո Արեյանի կողմից, կապել 2019 թվականին քաղաքի նվեր ստացած ինչ-որ գույքի հետ ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև շատ տարակուսելի է պատասխանատու անձի կողմից լսել էդպիսի հայտարարություն», - ասաց քաղաքապետի խոսնակը:

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը մանրամասն կարձագանքի այս դիտարկումներին։

XS
SM
MD
LG