Մատչելիության հղումներ

Խաժակյանը ՀՔԾ փաստաթուղթ ներկայացրեց, պնդելով՝ քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) նոր փաստաթուղթ ներկայացրեց՝ շարունակելով պնդել, որ քաղաքապետարանում տեղի է ունեցել առերևույթ պաշտոնեական կեղծիք և չարաշահում։

Շաբաթներ առաջ Երևանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության ղեկավարն իրավապահներին էր դիմել՝ պնդելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանն արտերկրում գտնվելու ժամանակահատվածում երկարաձգել է արձակուրդը հետին թվով, նրա պարտականությունը կատարել է օրենքով չնախատեսված անձ, որից հետո, սակայն, արձակուրդի կարգադրությունն է փոխվել։

Լիազորությունները այդ ժամանակ, ըստ Խաժակյանի, վերապահվել են փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, ով իրավունք չուներ 70 և ավել իրավական ակտեր ստորագրել, ինչը պաշտոնեական լիազորություններն անցնել է:

Խաժակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իր ներկայացրած փաստաթուղթը վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին չի նշանակել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 և ավելի իրավական ակտերն առոչինչ են:

«Ես ասեմ, որ խոսքը գնում է նրա մասին, որ նույնը կլիներ, եթե, օրինակ, քաղաքապետի վարորդը, քաղաքապետի օգնականը, որևէ այլ անձ այդ լիազորությունը իրականացներ, ստորագրեր այդ քաղաքապետի որոշումների տակ և ասեինք՝ «դե նորմալ է»։ Իրականում այդ փաստաթղթերը առոչինչ են։ Իմ ձեռքի տակ է գտնվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի՝ Վահե Խաչատրյանի կողմից քաղաքապետին ներկայացված զեկուցագիրը, համարակալված պաշտոնական փաստաթուղթ՝ պատճեն բնականաբար, որը մակագրված է քաղաքապետի կողմից։ Այս զեկուցագրի ողջ էությունը հետևյալն է՝ Վահե Խաչատրյանը զեկուցում է քաղաքապետին, ասելով, որ առաջին կարգադրությամբ քաղաքապետը հանձնարարել էր Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հայկ Սարգսյանին, մինչդեռ գործուղման որոշման նախագծերը, մեջբերում եմ՝ քանի որ չեն նշագրվում անձնակազմի բաժնի պետի կողմից, տվյալ որոշման մեջ թյուրիմացաբար բաց է թողնվել այն հանգամանքը, որ համաձայն վերը նշված կարգադրության երրորդ կետի՝ էդ լիազորությունների վերապահման կետի, պետք է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակեր Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին», - ասաց Խաժակյանը։

Խաժակյանը նշում է՝ տվյալ դեպքում գործ ունենք նախ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ, ինչպես նաև իրավապահները պետք է քննեն ինքնիրավչության հոդվածով քրեական գործ հարուցելու հանգամանքները, որովհետև Հայկ Սարգսյանը քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների տակ ստորագրել է այն պարագայում, երբ նա նույնիսկ դրա հիմքում չուներ որևէ իրավական ակտ: Ըստ նրա՝ այն մարդիկ, ում գործերն առնչվել են այդ իրավական ակտերով սահմանված կարգավորումների հետ, ըստ էության, տուժողներ են, որովհետև իրենց տրված փաստաթղթերը դե յուրե առոչինչ են:

Խաժակյանն ասաց նաև՝ եթե ոմանք նոր կեղծ փաստաթղթեր ստեղծելու ուղղությամբ գնան, ապա նա ունի այսպես ասած՝ «այս խաղի ջոկերը», որը բոլոր հարցերին կտա պատասխան. «Եթե որևէ մեկը փորձի աշխատակիցներին ճնշել, եթե որևէ մեկը փորձի նոր փաստաթղթեր կեղծել, խաղի մեջ է մտնելու այն «ջոկերը», որը վնասելու է ոչ միայն քաղաքապետարանին, այլև Հատուկ քննչական ծառայությանը, որովհետև ես ապավինում եմ իրենց աջակցությանը՝ այս խնդիրները վեր հանելուն։ Ես քննիչ չեմ, իրավապահ չեմ, որ 100 տոկոսանոց բոլոր փաստաթղթերը ներկայացնեմ, թեպետ սրանից էն կողմի էլ չգիտեմ ինչ է հնարավոր անել»։

Լրագրողների հարցին, թե «ջոկեր» ասվածը փաստաթո՞ւղթ է, թե՞ ինչ-որ մեկը, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Եկեք ես «ջոկերի» տեսքի մասին շատ բան չասեմ։ Թող իրենք փորձեն քրեական գործ չհարուցել կամ հարուցման դեպքում փորձել հանգամանքները փոփոխել»։

«Լույս» խմբակցության ղեկավարը կարծում է՝ քրեական գործը չհարուցելու մեկ դեպք կա՝ դա քաղաքական որոշումն է։

Քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատության» հետ զրույցում խոսելով քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնեական կեղծիքին, ասել էր, որ այդպիսի բան գոյություն չունի։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ այսօր անդրադառնալով Խաժակյանի նշած «ջոկերին», ասաց. «Եթե պարոն Խաժակյանը որոշել է օգտագործել թղթախաղային, մոլախաղերի տերմինոլոգիան, մենք էլ ստիպված ենք արձանագրել, որ պարոն Խաժակյանի հայտարարած «ջոկերները» հիմնականում «վեցնոցներ» են դուրս գալիս։ Մենք սպասում ենք ՀՔԾ-ի գնահատականներին, համենայն դեպս, կարծում եմ, ամեն ինչ մակրևույթի վրա»։

XS
SM
MD
LG