Մատչելիության հղումներ

Փաշինյան. Հայաստանը չի կարող ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ


Լուսանկարը՝ վարչապետի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ վարչապետի ֆեյսբուքյան էջից

Պաշտոնական Երևանն անհանգստացնող է բնութագրում տարածաշրջանում տեղ գտած զարգացումը, միևնույն ժամանակ Հայաստանը հայտարարում է, որ չի կարող ներքաշվել ո՛չ հակաիրանական, ո՛չ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ։

Անցած գիշեր Իրանի կողմից իրաքյան Այն Ալ-Ասադի ու Էրբիլի ռազմաբազաների հրթիռակոծումից հետո, որտեղ տեղակայված են ամերիկյան և արևմտյան կոալիցիոն զինված ուժերը, այսօր՝ օրվա առաջին կեսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը: Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ, և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար», - Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել վարչապետ Փաշինյանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, արխիվ

«Ազատության» հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծիք հայտնեց, որ Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության հետևանքներն այսքանով չեն ավարտվի. - «Այն կունենա ամենատարբեր դրսևորում: Հիմա, կարծում եմ, թեժ շրջան է, և այսպիսի ռազմական ակցիաներ կարող են լինել, բայց որոնք, չեմ կարծում, վերածվեն մասշտաբային բախումների: Կարծում եմ՝ 2 կողմում էլ կա գոնե սեփական ուժերի և կարողությունների վերաբերյալ ռացիոնալ պատկերացում և գնահատական, և պետք է արձանագրել, որ Իրանն ու Միացյալ Նահանգներն այդուհանդերձ տարբեր քաշային կատեգորիաներ են, այդ թվում նաև ռազմական կարողությունների իմաստով. Իրանը ռեգիոնալ տերություն է, իսկ Միացյալ Նահանգների դեպքում մենք գործ ունենք փաստացի միակ գերտերության հետ՝ նաև իր կարողությունների իմաստով, և այստեղ անմիջական և ինտենսիվ բախումների սցենար ես չեմ կանխատեսում», - ասաց Բադալյանը:

Հայաստանի Հանրապետության ու Իրանի ընդհանուր սահմանը մոտ 40 կիլոմետր է, անհամեմատ ավելի երկար է Արցախի ու Իրանի սահմանը, որն անցնում է Արաքս գետով։ Բադալյանի խոսքով՝ հարկ է նախապատրաստվել ցանկացած զարգացման. - «Անմիջական և ուղիղ ազդեցություն, այդուհանդերձ, Հայաստանի վրա չեմ սպասում, իհարկե, ռիսկերը, բնականաբար, ավելանում են, բայց կարծում եմ՝ ոչ ապոկալիպտիկ աստիճանի, ինչպես փորձ է արվում ներկայացնել տարբեր շրջանակների կողմից: Շատ կարևոր է, որ Հայաստանն արձանագրում է ո՛չ Իրանի դեմ, ո՛չ Միացյալ Նահանգների դեմ որևէ գործողության չներգրավվելու հաստատակամության մասին: Սա շատ կարևոր ուղերձ է Վաշինգտոնին և Թեհրանին», - հավելեց նա:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, արխիվ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, արխիվ

Ըստ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի, իրավիճակը բավականին նուրբ է, և, բնականաբար, Հայաստանը կողմնապահ լինել չի կարող. - «Իրոք, Հայաստանը ներքաշվել այդ համակարտության մեջ չի կարող, դա բացառվում է մի շարք պատճառներով: Ամենակարևոր պատճառներն են՝ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Իրանը մեզ համար բարեկամ պետություններ են: Զարգացումները լուրջ են լինելու, զարգացումների ժամանակ Հայաստանը կարող է ճշտում մտցնել իր քաղաքականության մեջ, բայց առաջին արձագանքն ադեկվատ է: Սա առաջինը: Երկրորդը՝ մենք պետք է հասկանանք, որ էսկալացիան գնում է, Միացյալ Նահանգները կպատասխանեն, ես ոչ մի կասկած չունեմ»:

Հայտնի է, որ գիշերային հրթիռակոծությունից և վաղ առավոտյան Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանումից հետո արտերկրի, ներառյալ՝ ամերիկյան ու եվրոպական բազմաթիվ ավիաընկերություններ չեղարկել են իրենց չվերթները Իրանի ու Իրաքի օդային տարածքներով։ ԱՄՆ Ավիացիոն դաշնային ծառայությունը (U.S. Federal Aviation Administration) արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Իրանի և Պարսից ծոցի օդային տարածքով։

Երևանից Թեհրան թռիչքներ իրականացնող Armenia Airways ընկերությունից այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ առավոտյան 11։15-ին դեպի Թեհրան թռիչք է տեղի ունեցել, հաջորդ թռիչքը կայանալու է հունվարի 10-ին։

Առավոտյան հաղորդագրություն է տարածել Երևանում ԱՄՆ դեսպանատունը՝ հայտնելով, որ Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։ Մասնավորապես, նոր օրեր են նշանակվելու ոչ ներգաղթային և ներգաղթային արտոնագրերի հարցազրույցների համար, և հարցազրույցի նոր օր վերցնելու համար կոչ են անում ստուգել համապատասխան կայքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG