Մատչելիության հղումներ

Ուկրաինական օդանավի վթարի պատճառների շուրջ հակասական տեղեկություններ են շրջանառվում


Փրկարարների թիմն աշխատում է ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.
Փրկարարների թիմն աշխատում է ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.

«Միջազգային ուկրաինական ավիաուղիների» ղեկավարությունը պնդում է` այսօր վաղ առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից քիչ հեռու վթարված «Բոինգ 737-800»-ը ընկերության կազմում գործող լավագույն օդանավերից մեկն էր: Կիևում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց «Ուկրաինական ավիաուղիների» ղեկավար Եվգենի Դիխնեն:

«Դա մեր լավագույն օդանավերից մեկն էր` օդաչուների հիանալի անձնակազմով համալրված», - նշում էր ավիաընկերության ղեկավարը: Ընկերության տեխնիկական գծով տնօրեն Ալեքսանդր Շաֆիևի խոսքով էլ` ավիաուղիների ղեկավարությունը գրեթե բացառում է օդանավի անսարքության վարկածը` հաշվի առնելով «Բոինգի» տեխնիկական վիճակը:

«Օդանավը թողարկվել է 2016 թվականի կեսերին, ստացվել է անմիջականորեն «Բոինգի» գործարանից: Մինչ այդ որևէ այլ ավիաընկերության կողմից չի շահագործվել: Վերջին տեխզննումն օդանավն անցել է հունվարի 6-ին, որևէ դիտողություն այդ զննման ընթացքում չի հնչեցվել: Օդանավը սարքին էր նաև թռիչքի ընթացքում: Ո'չ Թեհրան ժամանելուց հետո, ո'չ էլ Թեհրանից մեկնելուց առաջ որևէ դիտողություն ևս չի եղել», - նշում էր «Միջազգային ուկրաինական ավիաուղիների» ներկայացուցիչը:

Նախնական տեղեկությունների համաձայն` Թեհրան-Կիև չվերթն իրականացնող օդանավի վթարի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները` ընդհանուր առմամբ 167 մարդ և անձնակազմի 9 անդամները: Զոհերի մեծ մասը Իրանի քաղաքացիներ են: Ուղևորների թվում էին նաև Ուկրաինայի, Կանադայի, Շվեդիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

Իրանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` փրկարարական գործողությունների իրականացումը վթարի վայրում գրեթե անհնարին էր ուժեղ հրդեհի պատճառով: Իրանի փրկարարական ծառայության ղեկավարի խոսքով՝ վթարի մասին տեղեկությունը ստանալուց հաշվված րոպեներ անց դեպքի վայր են ժամանել ավելի քան 20 շտապ օգնության մեքենաներ և 1 ուղղաթիռ:

Վթարի պատճառների մասին շրջանառվող տեղեկություններն առայժմ հակասական են: Մի շարք իրանական աղբյուրներ օդանավի կործանումից հաշվված ժամեր անց գրեցին «Բոինգի» շարժիչներից մեկում ծագած հրդեհի մասին: Նույնաբովանդակ տեղեկություն զետեղվեց նաև Թեհրանում Ուկրաինայի դեսպանատան կայքում: Քիչ անց, սակայն, դեսպանատունը խմբագրեց իր այս հաղորդագրությունը` դրա տեքստից հեռացնելով թե շարժչի անսարքության և թե ահաբեկչությունը բացառող պնդումները:

«Միջազգային ուկրաինական ավիաուղիների» ղեկավարությունն իր հերթին գրեթե բացառում է վթարում մարդկային գործոնի, մասնավորաբար օդաչուների սխալի հնարավորությունը. - «Հաշվի առնելով այսօրվա դրությամբ մեր տիրապետած տեղեկությունները, որոնց համաձայն օդանավը բարձրացել էր` հասնելով 2400 մետրի, անձնակազմի սխալի հնարավորությունը նվազագույն է: Մենք նման բան պարզապես չենք ենթադրում: Հաշվի առնելով նրանց մասնագիտական փորձը` շատ բարդ է պնդել, թե կարող էր ինչ-որ խնդիր լինել անձնակազմի հետ կապված», - այսօր հայտարարում էր «Միջազգային ուկրաինական ավիաուղիների» փոխնախագահ Իգոր Սոսնովոսկին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս արձագանքեց տեղի ունեցած ողբերգությանը: Ֆեյսբուքի իր էջում Ուկրաինայի նախագահը խորհուրդ էր տվել զերծ մնալ «Բոինգի» վթարի պատճառներին վերաբերող շահարկումներից: Զելենսկին նաև հրահանգել է երկրի գլխավոր դատախազությանն օդանավի կործանման պաշտոնական հետաքննություն սկսել:

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն էլ այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ տեղի ունեցած ողբերգությունն ուղղակիորեն ազդելու է Կիևի և Թեհրանի միջև իրականացվող ավիափոխադրումների վրա:

«Մենք որոշել ենք դադարեցնել ուկրաինական բոլոր ավիաընկերությունների բոլոր տեսակի թռիչքներն Իրանի օդային տարածքում մինչև այս ողբերգության պատճառների բացահայտումը: Այս որոշումը կվերանայվի, երբ օդանավի կործանման բոլոր պատճառները հստակեցված կլինեն», - հայտարարում էր ուկրաինական կառավարության ղեկավարը` հավելելով, որ պաշտոնական Կիևը պատրաստվում է ուշի ուշով հետևել Թեհրանում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությանը:

«Որևէ կասկած չկա, որ մենք թափանցիկ հետաքննություն ենք պահանջելու: Մեր ցանկությունն է նաև, որպեսզի այն միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են մեզ հավելյալ վստահություն հաղորդել այս հետաքննության արդյունքների հանդեպ, ևս ներգրավված լինեն այս գործընթացում» - հայտարարում էր Ուկրաինայի վարչապետը:

XS
SM
MD
LG