Շաբաթ օրը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանն ի պատասխան Թեհրանի կողմից ամերիկացիների կամ ամերիկյան կառույցների վրա հարձակման դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախների վրա։
«Այդ թիրախների և Իրանի վրա հարձակումները կլինեն շատ հզոր և արագ: Միացյալ Նահանգները այլևս չի ցանկանում սպառնալիքներ», - գրել է Թրամփը:
Նրա խոսքերով, հնարավոր թիրախներից մի քանիսը Իրանի համար նշանակալից են, դրանց թվում կան մշակութային կառույցներ:
52 թիվը, ըստ նախագահ Թրամփի, պատահական չէ. տարիներ առաջ նույնքան ամերիկացի Իրանի կողմից գերեվարվել են: Խոսքը 1979 թվականին նոյեմբերի 4-ին Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատանը տեղի ունեցած իրադարձությունների մասին է: Այն ժամանակ իրանցի ուսանողների խումբը ներխուժել էր դեսպանատուն և պատանդ վերցրել մի խումբ դիվանագետների:
Երիտասարդները Վաշինգտոնից պահանջում էին հանձնել շահին՝ Մոհամեդ Ռեզա Փահլեվիին: Ամերիկացի 52 պատանդները գերության մեջ էին մնացել շուրջ երկու տարի: