Մատչելիության հղումներ

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը հրաժարվում է ցուցմունք տալ


«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյան, արխիվ
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյան, արխիվ

Երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակցին առնչվող քրեական գործով «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալման որոշումը նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել է: Թավադյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել: Նա գործով ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:

Ինչպես ավելի վաղ պարզ էր դարձել, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձին առնչվող քրեական գործով երեկ ձերբակալված Արմեն Թավադյանը հրաժարվում է ցուցմունք տալ: Փաստաբան Խուդոյանը տեղեկացրեց, որ իր վստահորդը հրաժարվել է նաև առերեսումից. - «Ուղղակի հայտարարել ենք, որ այս Հատուկ քննչական ծառայությանն իր պետով, իր գործիքակազմով, իր հրապարակային գործունեությամբ չենք վստահում, և քանի դեռ գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, որևէ կերպ չենք համագործակցելու»:

Ռոբերտ Քոչարյանի աջակից, «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանն անցնում է նույն քրեական գործով, ինչ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, որը վերաբերում է «սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու համար կաշառելուն կամ հարկադրելուն, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից»։

Երեկ Թավադյանի ձերբակալությունից հետո հայտնի դարձավ, որ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Չի մանրամասնվում՝ Թավադյանի ձերբակալման հիմքը Մկրտչյանի ցուցմո՞ւնքն է, թե՞ ոչ։

«Նույնիսկ ձերբակալման արձանագրության մեջ գոնե մի բառ, չեմ չափազանցնում գոնե մի բառ չի եղել, որ ասի՝ Արմեն Թավադյանը կատարել է այսինչ գործողությունը, նշվում է՝ օրինակ՝ Վարուժան Մկրտչյանը կատարել է այս գործողությունները, դրա համար կասկածվում է Արմեն Թավադյանը», - ասաց Խուդոյանը:

Ոստիկանությունը հայտնի սկանդալային տեսանյութը հրապարակել էր դեկտեմբերի 19-ին։ Հաղորդագրությունում ասվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկն իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժածին ու առաջարկել փոխել նախաքննական ցուցմունքն ու ասել, որ Մարտի 1-ին իրեն հարվածել են ոչ թե ոստիկանները, այլ քաղաքացիականները:

«Ազատության» հետ զրույցում Վարուժան Մկրտչյանը հաստատել է, որ Ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն է զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ, բայց տեղի ունեցածի սեփական բացատրությունն ուներ, ասում էր՝ տուժողն ինքն էր եկել և դժգոհել, թե իր նկատմամբ ճնշումներ կան։

Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասում է՝ վստահաբար կարող է պնդել, որ Թավադյանը մինչ ոստիկանության հրապարակած տեսանյութը տեղյակ չի եղել Վարուժան Մկրտչյանի՝ Մարտի 1-ի գործով տուժողի հետ ունեցած հանդիպումներից, իսկ Մկրտչյանին ճանաչել է որպես Ռոբերտ Քոչարյանի համակիրներից մեկը:

«Պետք է ի վերջո սկսենք տարբերել համակիր և աջակից արտահայտությունները, որովհետև աջակիցն այն անձն է, ով ինչ-որ մեկին աջակցում է: Եթե այդ մարդը պրոբլեմներ է ստեղծում, կարող է լինել ինքը համակիր, բայց իր սխալ գործողություններով վնասել այն անձին, ում համակրում է: Աջակիցները բոլոր այն մարդիկ են, ովքեր որևէ ինքնագործունեությամբ չեն զբաղվում և իրենց բողոքի ձայնն արտահայտում են հրապարակային, թույլատրելի գործողությունների տեսքով», - նկատեց նա:

Մարտի 1-ի դեպքերից տուժողը, որին ըստ տեսանյութի փորձում են կաշառել ցուցմունքից հրաժարվելու համար, փաստաբանի փոխանցմամբ՝ Վրույր Գաբրիելյանն է, ով 2008 թվականին ծառայել է ՊՊԾ զորքերում, ներկայումս էլ շարունակում է իր ծառայությունն արդեն Ճանապարհային ոստիկանության համակարգում: Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ծանոթացել է տուժող Վրույր Գաբրիելյանի նախաքննական ցուցմունքին և ասում է՝ այն չի հակասում Ռոբերտ Քոչարյանի շահերին:

«Այդ անձի ցուցմունքը փոխելու որևէ իրավաչափ նպատակ չէր կարող լինել այն մարդու մոտ, ով տեղյակ է քրեական գործի նյութերից, ով ցանկանում է ինչ-որ կերպ նպաստել այդ գործի ճիշտ լուծմանը: Եթե ավելի պարզ ասենք, տուժողը, ում որ նկատի ունեն, տվել է այնպիսի ցուցմունք, որը 100 տոկոսով համապատասխանում է մեր դիրքորոշմանը, որը ներկայացնում ենք դատարանում», - շեշտեց Հովհաննես Խուդոյանը:

Այսօր կեսգիշերն անց խուզարկություն է կատարվել Արմեն Թավադյանի տանը, որի ընթացքում քննչական խումբն առգրավել է, փաստաբանի պնդմամբ, գործի հետ կապ չունեցող իրեր և շուրջ 10 հազար դոլար: Առաջիկայում փաստաբանական խումբը պատրաստվում է բողոքարկել քննչական խմբի այդ գործողությունը:

XS
SM
MD
LG