Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է


Հայաստանի երկրորդ նախագահի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 20-ը դեկտեմբերի, 2019թ․
Հայաստանի երկրորդ նախագահի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 20-ը դեկտեմբերի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Քոչարյանի ենթադրյալ աջակցի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու փաստով Ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ։

«Քրեական գործը ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ, գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, այս պահին այլ մանրամասներ գործից դեռ չեմ կարող հայտնել», - ասաց Օհանջանյանը:

Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը վերաբերում է «սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելուն կամ հարկադրելուն, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից», ինչի համար սահմանված է 3-ից մինչև 7 տարվա ազատազրկում: Ձերբակալվածը Վարուժան Մկրտչյանն է, ով երեկ «Ազատության հետ զրույցում հաստատել էր, որ Ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն է զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ:

«Այնտեղ հստակ ասվում է՝ «եթե քո նկատմամբ կլինեն որևիցե մի ոտնձգություններ, դու էլ էկել ես որպես անձ, ուղղակի, ասում ես՝ սենց չի լինի, ինձի ճնշում են, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Մկրտչյանը, հարցին էլ՝ «ասում էր՝ ոստիկաններն են, հա՞, ճնշել, երևի», արձագանքելով․ - «Դե ինչևէ, տենց ինչ-որ, դե ինչ-որ մի բանի մասին երևի կար, չէ՞, դրանից առաջ, ամբողջությամբ տեսանյութը իրա մասով հրապարակված չէ»:

Հարցին՝ մինչ այդ ինչ-որ մեկի հետ զրուցե՞լ էր, քանի որ, ըստ էության, զրուցակցի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, նա արձագանքել էր․ - «Ինչ որ ինքը իրա ձեռքում կար, ինչի մասին որ կար, «դու չես հակասելու քեզ», ես նույն բանն եմ ասում, ինչ որ ինքը․․․ ինչի մասին որ [նախաքննական ցուցմունքներում] ասել էր, ես հստակ ասում եմ, չէ՞, ոնց էղել ա, «հո չե՞ս ասելու, որ ոստիկաններն են քեզ հարվածել, չե՞ս փոխելու ցուցմունքդ, ի՞նչ կա, դու չգնաս ոչ մի անօրինական ճանապարհով», այսինքն»:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, շրջապատող հարազատները և բարեկամները, ինչպես և մեծարգո երկրորդ նախագան, երբևէ, երբևէ, ոչ մի անգամ Մարտի 1-ի դեպքերի տուժածների հետ հանդիպումներ, կամ նրանց մասով որևիցե մի բանակցություններ վարելու, երբևէ նման մասով խոսակցություններ մեր մեջ տեղի չեն ունեցել և չեն էլ ունենա», - նաև վստահեցրել էր Մկրտչյանը:

Ըստ Ոստիկանության, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու փորձում են նրանց կաշառել, որպեսզի հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

«Դու էն վախտ գրել էլ ես, չէ՞, որ չես տեսել ով ա խփել, ոնց ա խփել, ինչ ա արել, ում կողմից ա էղել, հոմ ոստիկաննե՞րը չեն քեզ խփել», - Ոստիկանության տարածած տեսանյութում Մարտի 1-ի գործով տուժողին ասում է Քոչարյանի աջակիցը: «Չէ, ես ոչ մի բան չեմ գրել ու չեմ տեսել ով ա խփել», - պատասխանում է նրա զրուցակիցը: - «Հա բայց որ հարց տան՝ ոստիկանները՞ ձեզ խփեցին, ի՞նչ կասես, ո՞րդից էկավ էդ խփածը»: - «Գրաժդանսկիից»: - «Ըհը, վերջացավ»:

Ոստիկանությունն աղմկահարույց տեսանյութը հրապարակեց հինգշաբթի օրը՝ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյան կալանքի վերաբերյալ որոշումից մեկ օր առաջ։ Երեկ Քոչարյանին կալանքի տակ թողնելու որոշման հրապարակումից հետո նախկին նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը բացառեց, թե իրենք որևէ կերպ փորձում են ազդել 2008-ի հետընտրական իրադարձությունների քրեական գործով տուժողների ու վկաների վրա: «Ես կարող եմ բացառել այն, որ մենք որևէ կապ չունենք ու չէինք կարող ունենալ այդ ամենի հետ, որովհետև նպատակը չկա, հասկանում ե՞ք, իմաստը չկա այդ ամեն ինչի», - ասաց Հայաստանի երկրորդ նախագահի որդին:

Կասկածյալ Վարուժան Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը իրավապահները կարող են ներկայացնել 72 ժամվա ընթացքում: Նախաքննական մարմինը դեռևս չի հստակեցնում՝ գործով ներգրավված այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ: Նախաքննական գաղտնիք է համարվում նաև տեղեկատվությունը, թե ով է եղել Մարտի 1-ի գործով այն տուժողը, ում հետ Ոստիկանության տարածած տեսանյութում զրուցում էր Վարուժան Մկրտչյանը:

XS
SM
MD
LG