Մատչելիության հղումներ

Քոչարյանի աջակիցն ընդունում է՝ ինքն էր Ոստիկանության տարածած տեսանյութում զրուցում Մարտի 1-ի տուժողի հետ


Վարուժան Մկրտչյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 20-ը դեկտեմբերի, 2019թ․
Վարուժան Մկրտչյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 20-ը դեկտեմբերի, 2019թ․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանն ընդունում է՝ երեկ Ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն էր զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ: Զրուցակցին ճանաչում է ավելի քան երեսուն տարի, անունը չի տալիս, քանի որ նախաքննական գաղտնիք է: Իրենց զրույցի մեջ քրեորեն հետապնդելի որևէ բան չի տեսնում, ասում է՝ տուժողն ինքն է իրեն գտել ու ակնարկել իրավապահների կողմից ճնշումների մասին: Մկրտչյանը պնդում է, թե տեսանյութում իր ասածները երաշխիքներ էին, որ Մարտի 1-ի գործով տուժողը դատարանում կրկնի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ոչ թե փոխի դրանք:

«Ուրեմն, եթե Դուք նորից նայեք այնտեղ, երբ որ իրա նկատմամբ բիրտ ուժեր կկիրառվեն, ինչ-որ բաներ կկիրառվեն, որոնք օրենքի տառից դուրս են, կստիպեն ինչ-որ մի բանի, եթե՝ այնտեղ հստակ ասվում է՝ «եթե քո նկատմամբ կլինեն որևիցե մի ոտնձգություններ, դու էլ էկել ես որպես անձ, ուղղակի, ասում ես՝ սենց չի լինի, ինձի ճնշում են, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարուժան Մկրտչյանը, հարցին էլ՝ «ասում էր՝ ոստիկաններն են, հա՞, ճնշել, երևի», արձագանքելով․ - «Դե ինչևէ, տենց ինչ-որ, դե ինչ-որ մի բանի մասին երևի կար, չէ՞, դրանից առաջ, ամբողջությամբ տեսանյութը իրա մասով հրապարակված չէ»:

Հարցին՝ մինչ այդ ինչ-որ մեկի հետ զրուցե՞լ էր, քանի որ, ըստ էության, զրուցակցի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, նա արձագանքեց․ - «Ինչ որ ինքը իրա ձեռքում կար, ինչի մասին որ կար, «դու չես հակասելու քեզ», ես նույն բանն եմ ասում, ինչ որ ինքը․․․ ինչի մասին որ [նախաքննական ցուցմունքներում] ասել էր, ես հստակ ասում եմ, չէ՞, ոնց էղել ա, «հո չե՞ս ասելու, որ ոստիկաններն են քեզ հարվածել, չե՞ս փոխելու ցուցմունքդ, ի՞նչ կա, դու չգնաս ոչ մի անօրինական ճանապարհով», այսինքն»:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասված է՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու փորձում են նրանց կաշառել, որպեսզի հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, երեկ արձագանքելով Ոստիկանության հրապարակած տեսանյութին, առաջ էր քաշել այսպիսի վարկած՝ իշխանությունները ցանկացած մեկին կարող են ներդնել որպես Քոչարյանի աջակից, իսկ հետո կազմակերպել այն, ինչ ցանկանում են ներկայացնել որպես իրականություն: Վարուժան Մկրտչյանը պնդում է՝ ինքը միշտ է Քոչարյանի գաղափարակիցը եղել, իսկ իշխանությունները սա արել են թիմի ներսում պառակտում սերմանելու համար: «Բայց բացարձակ տենց բան չկա: Ես ի սկզբանե հայտարարում եմ ուղիղ, որ հեղափոխությանը չեմ մասնակցել, դեմ եմ էղել իշխանությունների վարած քաղաքականությանը և այդպես դեմ էլ կմնամ», - հայտարարեց Մկրտչյանը՝ հավելելով, որ շատ վաղուց է Ռոբերտ Քոչարյանի գաղափարակիցը․ - «Բայց դատավարական պրոցեսին արդեն մի քանի ամիս է, բնականաբար, ես ինքս ցանկություն եմ հայտնել մասնակցելու»:

Տեսանյութում նաև երևում է զենք, որն ինքը Մկրտչյանն անվանում է մարտական, նաև խոսում է «պերեվառոտի»՝ հեղաշրջման մասին: Այսօր արդեն «Ազատության» հետ զրույցում ասում էր՝ զենքը «սուվենիր» էր, իսկ «պերեվառոտ» ասելով՝ գաղափարական հեղաշրջումը նկատի ուներ․ - «Սուվենիրի տեսքով «Կալաշնիկով» էր, և որևիցե մի կրակոց կամ որևիցե մի բան կա՞ր, ես կրակեցի ցույց տվի՞»: «Այսինքն՝ օրինական, փաստաթղթավորված», - այս դիտարկմանը նա արձագանքեց․ - «Ես նորից եմ կրկնում՝ սուվենիր էր դա: Իսկ ո՞վ կարա դա ասի, որ դե հենց,, զենքը տենց, ինչ-որ․․․»: Հարցին՝ Ոստիկանությունն առգրավե՞լ է զենքը, Մկրտչյանը պատասխանեց․ - «Չէ, իմ մոտ չի, սուվենիր էր՝ տարել են, դրած էր, հիմա դրած չի, ի՞նչ կա դրա մեջ: Ու երբևէ, մենք գաղափարական հեղաշրջողներ ենք»:

Նա վստահեցնում է, որ Քոչարյանի ընտանիքի անդամների, գրասենյակի, կամ նախկին նախագահի հետ առնչություն ունեցող որևէ անձի հետ չի համաձայնեցրել կամ չի քննարկել այն ամենը, ինչ հնչեցվում է տեսանյութում․ - «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, շրջապատող հարազատները և բարեկամները, ինչպես և մեծարգո երկրորդ նախագան, երբևէ, երբևէ, ոչ մի անգամ Մարտի 1-ի դեպքերի տուժածների հետ հանդիպումներ, կամ նրանց մասով որևիցե մի բանակցություններ վարելու, երբևէ նման մասով խոսակցություններ մեր մեջ տեղի չեն ունեցել և չեն էլ ունենա: Բացարձակ: Տուժածը եկել, ինքն իրանն ասել, գնացել ա»: Մկրտչյանի հավաստմամբ՝ շփում չի եղել նաև քրեական գործի հարուցումից հետո․ - «Բացարձակ, ընդհանրապես շփում չի էղել»:

Վարուժան Մկրտչյանն ասում է՝ տուժողն իրենց գրասենյակ այցելել է ամիսներ առաջ, խուզարկությունը տեղի է ունեցել երեկ: Հարուցված քրեական գործով իր կարգավիճակի մասին որևէ տեղեկություն չունի: Հայտարարեց՝ թույլ չի տալու, որ իշխանություններն այս քրեական գործով իրեն ստիպեն հրաժարվել իր գործունեությունից։ Չհստակեցրեց՝ այս պահին ինչ բիզնես գործունեությամբ է զբաղվում, նախկինում երբեք պաշտոնյա չի եղել, ասում է՝ իրեն ներկայացնենք որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից:

XS
SM
MD
LG