Մատչելիության հղումներ

Քոչարյանի ենթադրյալ աջակցին առնչվող քրգործով ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը


«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը, արխիվ
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը, արխիվ

Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը վերաբերում է «սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելուն կամ հարկադրելուն, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից», ինչի համար սահմանված է 3-ից մինչև 7 տարվա ազատազրկում:

ՀՔԾ-ից հայտնում են նաև, որ հենց այս հոդվածով Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նա, ըստ տեղում հավաքված Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, դուրս է եկել Շտապօգնության մեքենայով: Քոչարյանի աջակիցներից Արամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հենց Մկրտչյանի ցուցմունքի հիման վրա է ձերբակալվել Թավադյանը:

Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թավադյանին այսօր բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայից, նրան միանգամից տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, հիմա տեղափոխվում է ձերբակալվածների պահման վայր. - «Մեզ հիմքերը մինչև այս պարզ չեն, որովհետև ձերբակալման արձանագրության մեջ նշված են այլ անձանց գործողություններ, որևէ կերպ նշված չէ պարոն Թավադյանի կողմից որևէ գործողության կատարում, և վերջում այդ անձանց գործողությունները վերագրվել են պարոն Թավադյանին, այսինքն՝ որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե իր որ գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի», - հայտնեց նա:

Վերջինս նկատեց, թե չգիտի՝ ինչ հիմքով են խափանման միջոց ընտրել. - «Բայց առնվազն կարող ենք ակնկալել, որ հակառակ մոտեցում չի կարող լինել պարոն Թավադյանի նկատմամբ, որովհետև եթե ենթադրում եմ, որ Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Վարուժան Մկրտչյանն է ենթադրյալ հանցագործության կատարողը, և որևէ կերպ փորձում են կապել պարոն Թավադյանի հետ, ապա որևէ տարբերակված մոտեցումը կասկածների տեղիք կտա, որ ուղղորդված գործընթաց է հենց պարոն Թավադյանի դեմ», - հավելեց Հովհաննես Խուդոյանը:

Նա հայտնեց նաև, որ Թավադյանը որևէ ցուցմունք չի տվել, գտնում է, որ հիմք չկա՝ իրեն այս գործով քրեական հետապնդման ենթարկելու. - «Մենք հայտարարություն կատարել ենք, կարծում ենք, որ սա պարոն Թավադյանի ինչ-որ իմաստով քաղաքական գործունեության, քաղաքական գործունեությանը հարող նաև գործունեության, ինչպես նաև որպես ԶԼՄ-ի սեփականատեր այդ գործունեության հետ կապված է՝ վերջինիս լռեցնելու համար»:

Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը օրեր առաջ ձերբակալվել էր:

Վարուժան Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր, որ Ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն է զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ:

XS
SM
MD
LG