Մատչելիության հղումներ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ ոստիկանության տարածած աղմկահարույց տեսանյութի մասին


«Այդ տեսանյութը նայելուց հետո ինձ մոտ վատ բեմականացման տպավորություն է առաջանում», - «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով ոստիկանության տարածած տեսանյութը, որում ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել։

«Բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու է ոստիկանությունը այդ վատ պատրաստված նյութը, որտեղից շատ քիչ բան է պարզ դառնում, տարածել Վերաքննչ դատարանի նիստից ընդամենը մի քանի ժամ առաջ», - ասաց Սողոմոնյանը։

Վաղը Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, պետք է հրապարակի իր որոշումը՝ մերժո՞ւմ, թե՞ բավարարում է Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Նրանք բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր գրավի դիմաց ազատ արձակել սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահին։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասաց՝ ինքը տպավորություն ունի, թե սա այն դեպքն է, երբ պետությունը փորձում է տարբեր ձևերով ազդել դատական իշխանության որոշումների վրա։

Հարցին՝ արդյո՞ք ինքը բացառում է, որ Քոչարյանի որևէ աջակից կամ մտերիմ նման քայլի է գնացել, Սողոմոնյանը պատասխանեց.- «Ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում՝ ով պետք է ինչ մտածի և գնա ինչ-որ տուժողի գտնի և ի՞նչ ցուցմունք պետք է խնդրի փոխել, ինձ համար չեմ կարողանում պարզաբանել։ Առաջին օրվանից, ինչ այս ապօրինի հետապնդումը սկսվել է մենք ասում ենք մի բան՝ բացահայտեք ճշմարտությունը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ցուցմունք են տվել այդ 80 հատորների շրջանակներում, գան և այդ ցուցմունքները կրկնեն, ճշմարտությունը ասեն, ո՞րն է խնդիրը»։

XS
SM
MD
LG